«Հայաստան» հիմնադրամի «Ջուրը կյանք է» հեռուստամարաթոնի հեռուստադիտողներին սպասվում են անակնկալներ

«Հայաստան» հիմնադրամի «Ջուրը կյանք է» հեռուստամարաթոնի հեռուստադիտողներին սպասվում են անակնկալներ

PanARMENIAN.Net - «Հայաստան համահայկական հիմնադրամի «Ջուրը կյանք է» հեռուստամարաթոնի նախաշեմին որոշ երկրներում անցկացվել են մի շարք միջոցառումներ: Նոյեմբերի 6-ին Լոնդոնում «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղը Մեծ Բրիտանիայում կազմակերպել էր բարեգործական համերգ` նվիրված Հայաստանի Անկախության օրվան`դրանով հանդերձ նշանավորելով 2010-ի կայանալիք հեռուստամարաթոնը: Ուրուգվայում վերջերս բացված հիմնադրամի մասնաճյուղն այս տարի միացել է ամենամյա բարեգործական հեռուստամարաթոնին` անցկացնելով իր առաջին ռադիոմարաթոնը նոյեմբերի 14-ին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Գրիգորյանը և հավելել, որ նոյեմբերի 25-ին Լիբանանում նույնպես տեղի է ունենալու ռադիոմարաթոն: Նրա խոսքերով, նոյեմբերի 16-ին Մոսկվայում կայացել է բարեգործական ընթրիք Ռուսաստանի 150 հայ գործարարների մասնակցությամբ: Ընթրիքի վերջում նրանք պաշտոնապես խոստացել են 8 մլն դոլարի հանգանակություն կատարել: Գրիոգորյանը նաև հայտարարել է, որ համաեվրոպական հեռուստամարաթոնի ընթացքում հայտարարվել է 1.300.000 եվրո գումարի մասին: «Բարեգործների անունները և հանգանակությունների գումարները հայտարարվելու են նոյեմբերի 25-ին հեռուստամարաթոնի ընթացքում»,- ասել է նա: Միաժամանակ Գրիգորյանը խոստացել է, որ այս տարի հեռուստամարաթոնը հեռարձակվելու է 4 հայկական հեռուստաալիքներով` Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն, «Շանթ», «Արմենիա» և «Երկիր Մեդիա»:

Անդրադառնալով ֆինանսական միջոցների նվիրատվության հնարավորությանը` Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի բջջային կապի բոլոր երեք օպերատորների բաժանորդները կարող են հանգանակություններ կատարել SMS-հաղորդագրությունների միջոցով:

Միաժամանակ Հասմիկ Գրիգորյանը հաղորդել է, որ հեռուստամարաթոնի հեռուստադիտողներին սպասվում են մի շարք անակնկալներ: Հեռուստամարաթոնի ընթացքում ելույթ են ունենալու հայ երգիչներ, որոնց թվում` Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը, ինչպես նաև արտասահմանյան երգիչներ:

Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարն ուղորդվելու է Արցախի և Հայաստանի գյուղական համայնքների ջրամատակարարման բարելավմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---