ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսի բացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սիրիայի վարչապետի հետ հանդիպումից հետո մեկնեց Հալեպ: Հալեպի օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին դիմավորեցին Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան, նահանգային իշխանության անդամները, hալեպահայ համայնքապետերը: Ավելի ուշ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էին Հալեպի նահանգապետը, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահը, հայ համայնքի ներկայացուցիչներ անդամները: Հայ խորհրդարանականները այցելեցին տաղավարները, ծանոթացան ներկայացված նմուշներին:

ԱԺ նախագահը, ողջունելով ներկաներին, նշեց. «Վստահ եմ, որ այս ցուցահանդեսն ու հայ-սիրիական գործարար խորհրդի հերթական նիստն իրենց խթանող դերը կունենան երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման և հատկապես առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում: Այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ հայ-սիրիական քաղաքական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը չի կարելի ասել առևտրատնտեսական կապերի մասին: Այս ցուցահանդեսը շատ լավ առիթ է մեր գործարարների համար` ներկայանալ միմյանց, տեղեկատվություն փոխանակել, ծանոթանալ հնարավորություններին, կապեր հաստատել, համագործակցության եզրեր գտնել: Լայն ասպարեզ կա համագործակցել առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, գիտատեխնիկական և ֆինանսաբանկային ոլորտներում: Վստահ եմ, որ այսօրվա ցուցահանդեսի շրջանակներում համագործակցությունը կդրվի ավելի գործնական հիմքերի վրա»:

Երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց Առաջնորդարան, հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկավ ելույթով: Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը և հայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Ազգային պատսպարան: Հովիկ Աբրահամյանը զրուցեց մանկատան երեխաների հետ, լուսանկարվեց նրանց հետ: ԱԺ նախագահը նվիրատվություն կատարեց մանկատանը:

Նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Հալեպից կմեկնի Դեյր Զոր և նույն օրը երեկոյան կվերադառնա Երևան, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---