Ալիևը համոզում էր ԱՄՆ-ին մեկուսացնել Հայաստանին միջազգային հանրությունից

Ալիևը համոզում էր ԱՄՆ-ին մեկուսացնել Հայաստանին միջազգային հանրությունից

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ուիլյամ Բերնսը 2010թ. փետրվարի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր մեկժամանոց հանդիպումը սկսել է նրանից, որ ընդգծել է, որ Բաքու է ժամանել, քանի որ Վաշինգտոնը ցանկանում է ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Ինչպես հայտնում է Wikileaks կայքը, Բերնսը ցավակցություն է հայտնել փետրվարի 18-ին ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում երեք ադրբեջանցի զինվորների մահվան կապակցությամբ: Իր հերթին Ալիևը նշել է, որ այդ իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղություն չկա, չկա խաղաղ պայմանագիր և չկան խաղաղապահներ, որոնք կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նա մտահոգություն է հայտնել, որ նման միջադեպերը կարող են ապագայում ևս կրկնվել: Բերնսը ասել է, որ հենց նման միջադեպերն են հաստատում ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը:

«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել ԵԱՀԿ ՄԽ ներքո ընթացող բանակցություններում, սակայն առաջընթացի համար հարկավոր է, որ միջազգային ճնշում լինի Հայաստանի հանդեպ: Ժամանակն է վերջնական լուծում գտնել, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է դուրս գալ գործընթացից: Ես ասել եմ համանախագահներին, որ Հայաստանը մտադիր է որքան հնարավոր է ժամանակ ձգել և հետո փախչել: Ադրբեջանը պատրաստ է իր ավանդը բերել բանակցությունների առաջխաղացմանը: Մենք կաշխատենք առավել ճկուն լինել»,-ասել է Ալիևը:

Ըստ կայքի, հանդիպմանը Ալիևը առաջարկել է մի քանի քայլ համոզելու համար Հայաստանին ընդունել ԵԱՀԿ ՄԽ առաջարկները՝ համանախագահ երկրները պետք է համախմբեն ջանքերը, պետք է հստակ ուղերձ հղեն, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը չի քննարկվում բանակցություններում, և եթե այդ նոր առաջարկները չեն ընդունվում, Հայաստանը պետք է ենթարկվի միջազգային մեկուսացման, այդ թվու մնաև ՌԴ կողմից, որը տնտեսապես սատարում է Երևանին:

Ալիևը նշել է, որ Սոչիում ՀՀ նախագահ Սարգսյանը առաջարկ ներկայացրեց՝ որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի ամսաթիվը: Ըստ Ալիևի, դա խարխլում է ողջ գործընթացը, որը հիմնված է առանց որոշակի ժամկետի հանրաքվեի հնարավորության վրա՝ «Լեռնային Ղարաբաղի ապօրինի ռեժիմի» օրինականացման դիմաց: Նա նշել է նաև, որ «Հայաստանը խոցելի է, քանի որ կախված է սփյուռքի դրամական փոխանցումներից, ինչպես նաև գազի ու էլեկտրաէներգիայի ներկրումից»: «18 տարի տևող բանակցություններից հետո մենք կքննարկենք բոլոր տարբերակները: Եթե այս փուլը վերջինն է, ապա ի՞նչ է հաջորդելու դրան»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---