Հայաստանի կառավարությունում քննարկվել է Doing Business-ի ցուցանիշների արմատական բարելավման միջոցառումների ծրագիրը

Հայաստանի կառավարությունում քննարկվել է Doing Business-ի ցուցանիշների արմատական բարելավման միջոցառումների ծրագիրը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի արմատական բարելավման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Doing Business-ի ցուցանիշների բարելավման վերաբերյալ նախորդ խորհրդակցության արդյունքում կառավարության ղեկավարը հանձնարարականներ էր տվել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին` աշխատանքային խմբերում քննարկել ու մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Անդրադառնալով գործարար միջավայրի արմատական բարելավման խնդրի կարևորությանը` վարչապետը նշել է. «Մենք մեր նախորդ հանդիպման ժամանակ հստակ հանձնարարականներ տվեցինք ըստ ուղղությունների, որպեսզի ձևակերպումները հստակեցվեն, թե ինչ միջոցառումներ մենք պետք է իրականացնենք, որպեսզի գործարար միջավայրի բարելավումը մինչև 2011թ. ապրիլ ամիսը լինի շոշափելի և զգալի, և դա բարելավի մեր ընդհանուր բիզնես միջավայրը»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` լրամշակված ներկայացված առաջարկություններով: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը (հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկային վճարումների հաճախականության կրճատում, մաքսային ձևակերպումների պարզեցում և հստակեցում), բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, արտաքին առևտրի և փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանմանը վերաբերող հարցեր:

Ի կատարումն ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների, Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---