ՀՀ նախագահ. Աստանայի գագաթնաժողովը ակներևաբար ցուցադրեց ՀԱՊԿ-ի առջև ծառացած օրակարգային հարցերի արդիականությունը

ՀՀ նախագահ. Աստանայի գագաթնաժողովը ակներևաբար ցուցադրեց ՀԱՊԿ-ի առջև ծառացած օրակարգային հարցերի արդիականությունը

PanARMENIAN.Net - Մենք հաճախ ենք խոսում մեր երկրների արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերի ուղղությամբ մեր գործողությունների կոորդինացիայի մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ կարևոր քայլ հանդիսացավ ՀԱՊԿ-ում որպես նախագահող հանդես գալու վերաբերյալ Ղազախստանի թեկնածությանը համախմբված աջակցության մասին մեր որոշումը: Այս մասին Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նուրսուլթան Աբիշևիչին` Աստանայի գագաթնաժողովի հիանալի կազմակերպման և այս կարևոր կազմակերպության գործունեությանը նոր խթան հաղորդելուն ուղղված մեծ ջանքերի համար: Աստանայում անցկացված գագաթնաժողովը ակներևաբար ցուցադրեց ՀԱՊԿ-ի առջև ծառացած օրակարգային հարցերի արդիականությունը, նրա ձևաչափում խոր և որակական քննարկումների անհրաժեշտությունը»,-ասել է նախագահը: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է Աստանայի գագաթնաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ընդունված հնգակողմ հայտարարությանը: «Դրանում խոսվում է այն մասին, որ բանակցությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման փնտրտուքները ազգերի միջև կայունության, հաստատուն խաղաղության, փոխըմբռնման ոչ այլընտրանքային ճանապարհ են համարվում: Ընդգծվել է հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը` ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի հիման վրա, Աքվիլայում և Մուսկոկայում համանախագահող երկրների հայտարարության ոգով: Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին, այն մասին, որ այդ առաջարկվող տարրերը որոշվել են որպես մի ամբողջություն, և դրանց մի մասը` ի վնաս մյուսների գերադասելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակշռված լուծման հասնելը: Գագաթնաժողովի իմ ելույթում ես գրեթե կրկնեցի այն, ինչ բազմիցս ասել եմ մեր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Այսինքն, որ Հայաստանը կտրականապես դեմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն և Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով:

Վստահ եմ, որ եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ լցնելու ուղղությամբ մեր հետագա ջանքերը և այսօր քննարկման ու ընդունման պատրաստված փաստաթղթերը ուղղված կլինեն տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման գործում ՀԱՊԿ իրական ներդրման բարձրացմանը»,-ասել է նախագահն իր ելույթում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---