Բաքուն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմը արատավորելու արշավ է սկսել

Բաքուն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմը արատավորելու արշավ է սկսել

PanARMENIAN.Net - Մոսկվայում սկսվել են «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները: Գործողության կենտրոնում հանգամանքների բերումով միեւնույն հորի մեջ հայտնված հայի եւ ադրբեջանցու փոխհարաբերություններն են: Հերոսների կերպարների միջոցով վեր են հանվելու թշնամական ժողովուրդների խճճված հարաբերությունները: Ֆիլմը նկարահանվում է 21-30 տարեկան մոսկվաբնակ հայ երիտասարդների ֆինանսական միջոցներով: Ըստ մտահղացման, ֆիլմը ներկայացնելու է այն պատմական իրողությունները, որոնք, ղարաբաղյան խնդրից զատ, խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

Ինչպես ասվում է նկարահանող խմբի հայտարարության մեջ, կինոնկարի հեղինակներն, ի սկզբանե, հերոսներից որեւէ մեկին արդարացնելու կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները գնահատելու նպատակ չեն դրել: Ֆիլմի գաղափարը երկու ժողովուրդների միջեւ առկա իրական հարաբերությունները ցուցադրելն ու նուրբ ենթատեքստով պահանջվող փոփոխությունների մասին ակնարկելն է:

Ցավոք, ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ որոշել են այս տեղեկատվությունը հարմարեցնել հարաբերությունները առավել սրելու իրենց ամենօրյա գործելաոճին` կինոնկարին վերագրելով մտացածին քաղաքական նախապատմություններ: Մասնավորապես, 1news.az հայտնի գործակալությունը իրական թունոտ արշավ է սկսել «Ընդհատված երգը» ֆիլմի դեմ, որում հայն ու ադրբեջանցին հուզող խնդիրների շուրջ բանավիճելով ուղղակի պաշտպանում են սեփական տեսակետը: Կինոնկարի հեղինակների համոզմամբ, երկու հերոսների միջեւ ծավալվող երկխոսությունը մեր օրերում չափազանց պահանջված է, այնինչ` հայ-ադրբեջանական թշնամական փոխհարաբերությունները նկատելի են նույնիսկ երկու երկրների նախագահների շփումներում: Հեղինակների համոզմամբ` ադրբեջանական անթաքույց հիստերիան պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆիլմը նկարահանվում է հայերի կողմից:

Արվեստը չի բուժում, այն պարզապես ի տես է հանում ցավոտ ծալքերն ու իրավիճակը փոխող ելքեր գտնելու լուծումներ առաջարկում:

«Ընդհատված երգը» հոգեբանական դրամայի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում 2011թ. գարնանը: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, պրոդյուսերը` Աշոտ Պողոսյանը:

Կինոնկարի կարգախոսն է` «Ցանկացած պատերազմի նպատակը խաղաղությունն է»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---