ՀՀ Պետեկամուտների կոմիտեն պատասխանատու չէ բեռնափոխադրող ընկերությունների ծառայությունների սակագների բարձրացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն իր պարզաբանումներն է ներկայացրել ներկրվող հագուստի հանդեպ սահմանված դրույքների բարձրացման առիթով հայ առևտրականների` այսօր իրականացրած բողոքի ակցիայի հետ կապված: «Ներկրվող հագուստից գանձվող մաքսատուրքի դրույքաչափի որևէ փոփոխություն չի եղել: Հագուստի «կիլոգրամի կրկնակի թանկացման» շուրջ խոսակցությունները վերաբերում են տրանսպորտային ծախսերին, ինչը Պետական եկամուտների կոմիտեի իրավասության շրջանակներում չէ, այդ հարցերը հարկավոր է ճշտել բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություններից»,- նշվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ավելին, պետկառույցը հիշեցնում է, որ հագուստի մաքսային արժեքը երբեք ըստ կիլոգրամի չի հաշվարկվել, այլ ապրանքը գնահատվել է` ելնելով տեսակից, քանակից, որակից, ապրանքային նշանից, ծագման երկրից և համապատասխան այլ չափանիշներից:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե «Ստամբուլից Երևան ուղարկվող բեռի տրանսպորտային ծախսի մեջ 97 տոկոսից ավելին կազմում են մաքսազերծման ծախսերը», ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ ապրանքի մաքսային արժեքից գանձվող մաքսատուրքի և ԱԱՀ-ի առավելագույն դրույքաչափը 32% է: Բացի դրանից, որոշ ապրանքների դեպքում այն կազմում է միայն 22%, այսինքն` գանձվում է միայն ԱԱՀ, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---