Հայ տղամարդկանց գրավում է հայուհիների դասական ոճն ու վանում է վառ շպարը

Հայ տղամարդկանց գրավում է հայուհիների դասական ոճն ու վանում է վառ շպարը

PanARMENIAN.Net - Հայ տղամարդիկ մեծ մասամբ գտնում են, որ դասական հագուստը, հատկապես ժամանակակից մատուցմամբ, շատ գրավիչ է կանանց հագին: PanARMENIAN.Net ի թղթակցի անցկացրած հարցման համաձայն, գրավչության տեսակետից վերջին տեղում չեն նաև դասական ջինսերը, նեղ ջինսերը և մինի-շրջազգեստները: Հարցված տղամարդկանցից շատերը կցանկանային հայ կանանց հագին ավելի շատ շրջազգեստներ տեսնել, ընդ որում` տարբեր երկարության, գույնի ու ձևի:

Դրա հետ մեկտեղ հայ տղամարդիկ, մեղմ ասած, չեն հավանում հայուհիների կողմից այդքան սիրված ամառային երկարաճիտ սանդալները, ինչպես նաև սուր քթով ու բազմազան զարդերով երկարաճիտ կոշիկները: Բացի դրանից, շատերին նյարդայնացնում են արաբական տաբատները, որոնք վերջերս են լայն տարածում գտել, ինչպես նաև սպորտային հագուստով աղջիկները, մեծ քանակությամբ բիժուտերիան և անտեղի վառ շպարը:

Ընդհանուր առմամբ հայերը գոհ են իրենց հայրենակցուհիներից` համարելով, որ «հայուհիները ցանկացած դեպքում գեղեցիկ են»:

Բացի դրանից, բոլոր հարցվածները համամիտ էին, որ ըստ կազմվածքի ընտրված հագուստը միանշանակ ողջունվում է:

Հարցվածներից մեկը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում թեև կատակով, բայց ոչ պակաս կարևոր կարծիք հայտնեց, որը հնչեց որպես հոգու ճիչ. «Աղջիկնե'ր, բավական է հագուստով լողաք Սևանում: Դրա համար գոյություն ունեն լողազգեստներ, ժամանակն է ազատվել նման անհիմն բարդույթներից»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---