Վենետիկում տեղի կունենա Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - 2011-ի փետրվարի 28-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Վենետիկի Քաղաքային թանգարանների հիմնարկության (ՎՔԹՀ) նախագահ Վալտեր Հարցարիչի միջև ստորագրվեց Վենետիկում առաջին հայալեզու գրքի հրատարակման 500-ամյակի առթիվ Սան Մարկո հրապարակի հռչակավոր թանգարաններում ցուցահանդես կազմակերպելու մասին համաձայնագիրը: Կողմերը մեծ գոհունակություն հայտնեցին այս կարևոր իրադարձության սկիզբը դնելու առիթով և պարտավորվեցին լավագույնս կազմակերպել հայ գրատպության 500-ամյակը խորհրդանշող ցուցահանդեսը, որը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների բարձր հովանու ներքո: Արարողությանը, որը տեղի ունեցավ ՎՔԹՀ տնօրինության սրահում, ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, ինչպես նաև ցուցահանդեսի կուրատորներ` Պողոս Գաբրիելա Ուլուհոջյանը, Լևոն Զեքիյանը և Վարդան Կարապետյանը, ով, բացի այդ, աշխատանքների ընդհանուր համակարգողն է:

Հաջորդ առավոտյան` մարտի 1-ին, ՀՀ պաշտոնական պատվիրակությանը և ցուցահանդեսի կուրատորներին ընդունեց Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին: Քննարկվեցին ցուցահանդեսի շրջանակներում լայնամասշտաբ համագործակցության` մասնավորապես քաղաքային համապատասխան կառույցները միջոցառման կազմակերպման և գովազդման նպատակով տրամադրելու հնարավորությունները: Քննարկվեց նաև Սան Մարկոյի մայր տաճարում հայ հոգևոր երաժշտության համերգ կազմակերպելու հարցը: ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը քաղաքապետին հրավիրեց այցելել Հայաստան և, այդ առիթով, առաջարկեց բանակցություններ սկսել 2012թ. հոբելյանական տարվա շրջանակներում Վենետիկը և Երևանը քույր քաղաքներ հռչակելու ուղղությամբ: Հանդիպումը, որի ընթացքում կողմերը փոխանակեցին կարծիքներ ու տպավորություններ, անցավ ջերմ և գործնական մթնոլորտում: Ավարտին հանդիպման մասնակիցները միացան Սան Մարկոյի ազգային գրադարանի տնօրինությանը, որի հետ նույն գրադարանի մեծ դահլիճում ստորագրվեց ևս մեկ համաձայնագիր` համաձայն որի Եվրոպայի գրադարանային այդ ամենահին կառույցը կհյուրընկալի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի բաժիններից մեկը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---