«Վիշեգրադյան քառյակ». Կամուրջը, որի միջոցով նախկին խորհրդային երկրները կարող են մտնել ԵՄ, ժողովրդավարությունն է

PanARMENIAN.Net - «Վիշեգրադյան քառյակի» անդամ երկրները և Գերմանիան նախկին խորհրդային պետությունների` ԵՄ մտնելու գլխավոր պայմանը համարում են ժողովրդավարական բարեփոխումները և քաղաքացիական հասարակության կառուցումը: Այդ մասին հայտարարել են «Վիշեգրադյան քառյակի» անդամ երկրների` Սլովակիայի, Չեխիայի, Լեհաստանի, Հունգարիայի ԱԳՆ ղեկավարները և ԳԴՀ արտգործնախարարը: Հայտարարությունը հնչել է Բրատիսլավայում Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրով միավորված երկրների դիվանագետներին հավաստիացրել են, որ ԵՄ-ն շարունակում է բաց մնալ: «Կամուրջը, որի միջոցով պետք է անցնել Եվրամիություն մտնելու համար, կոչվում է ժողովրդավարություն: Եվրամիություն մտնել ցանկացողները պետք է կիսեն ժողովրդավարական սկզբունքները»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն:

Հանդիպման ժամանակ զգալի ուշադրություն է հատկացվել Բելառուսի դրությանը, որը Բրատիսլավայում ներկայացրել է երկրի ԱԳ փոխնախարար Վալերի Վորոնեցկին:

Ինչպես հայտնել է լրագրողներին Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միկուլաշ Ձուրինդան, «Վիշեգրադյան խումբը» ուժեղացնելու է Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքական ռեժիմի վրա ճնշումը: «Եթե Բելառուսում մարդու իրավունքները և քաղաքացիական իրավունքները հաշվի չառնվեն և իշխանություններն ազատ չարձակեն քաղբանտարկյալներին, պաշտոնական Մինսկին կսպառնան պատժամիջոցներ և մեկուսացման խորացում»,- ասել է Սլովակիայի արտգործնախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---