Երևանում կբացվի Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնը

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնը:

Կանանց միամսյակին ընդառաջ Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը կսկսվի նախորդ դարի 60-ական թվականներին սեփական իրավունքների համար պայքարի ելած բրիտանուհիների մասին պատմող ֆիլմով: «Արտադրված է Դագենհեմում» կինոնկարը ոգեշնչող և բարի պատմություն է բանվորուհու մասին, ով պայքարի ելավ աշխարհի խոշորագույն կորպորացիայի` Ford Motors-ի դեմ:

Մարտի 8-13-ը Երևանում, 10-12-ը Վանաձորում, իսկ 14-16-ը Կապանում Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և BMI ավիաընկերության աջակցությամբ կազմակերպում է Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնը:

Կցուցադրվի վեց ֆիլմ`«Արտադրված է Դագենհեմում», «Արբոր», «Վարդագույն սարիներ», «Ժողովրդի թշնամիները», «Բաբելոնի զավակը», «Ըստ կասկածանքի»: Ֆիլմերը վեր են հանում խնդիրներ, որոնք կարևոր և էական են աշխարհի ցանկացած անկյունում ապրող մարդկանց համար: Պատերազմի արհավիրքների դեմ պայքարող մարդկանց, ընտանեկան երջանկության ձգտող կանանց և համակարգային անարդարությունների մասին պատմող ֆիլմերը բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն աշխատանքներից են:

Փառատոնի բացման արարողության ժամանակ ելույթ կունենան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և BMI ավիաընկերության բիզնես վաճառքի ղեկավար Սիմոն Ավագյանը: Փառատոնի բացման արարողության հատուկ հյուրն է VO.X բրիտփոփ խումբը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---