Ստորագրվել է Հայաստանի և Լատվիայի արտաքին գերատեսչությունների միջև եվրամերձեցման ոլորտում համագործակցության մասին արձանագրություն

Ստորագրվել է Հայաստանի և Լատվիայի արտաքին գերատեսչությունների միջև եվրամերձեցման ոլորտում համագործակցության մասին արձանագրություն

PanARMENIAN.Net - Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լատվիայի Հանրապետություն: ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Սերժ Սարգսյանն ու Վալդիս Զատլերսը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին փոխայցելությունների և բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսությունը, զարգացել են կապերը մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում:

Անդրադառնալով 2009թ. Լատվիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցին` կողմերը նշել են, որ նախագահ Զատլերսի այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ արդեն կյանքի են կոչվել: Իսկ Հայաստանի նախագահի այցի նպատակն է շարունակել 2009թ. դեկտեմբերին կայացած արդյունավետ երկխոսությունը` ի նպաստ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանում և Ռիգայում դեսպանատների հիմնումը:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Լատվիայի միջև 2011-2013թթ. մշակութային համագործակցության ծրագիր, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև եվրամերձեցման ոլորտում համագործակցության մասին արձանագրություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---