«Գերլուսինը» Երկիր մոլորակում եղանակի ծայրահեղ դրսևորումների պատճառ կարող է դառնալ

«Գերլուսինը» Երկիր մոլորակում եղանակի ծայրահեղ դրսևորումների պատճառ կարող է դառնալ

PanARMENIAN.Net - Լուսինը կգտնվի Երկրից 356 577 կմ հեռավորության վրա, որն ամենամոտն է 1992թ. ի վեր: Արդեն մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ այդ երևույթը Երկրի վրա առաջ կբերի բնական աղետներ ու ավերածություններ, մասնավորապես` երկրաշարժեր, հրաբխեր, ջրհեղեղներ, փոթորիկներ և ընդհանրապես եղանակի ծայրահեղ դրսևորումներ:

Աստղաֆիզիկոս, Աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը հիշեցնում է, որ Լուսինը Երկրի շուրջ պտտվում է ձվածիր (էլիպսաձև) ուղեծրով և նրա հեռավորությունը Երկրից որոշ տատանումներով փոփոխվում է մոտ 363100 – 405700 կմ սահմաններում, միջինում լինելով 384400 կմ: Ամենամոտ կետը կոչվում է պերիգեոս (կամ երկրամերձ կետ), իսկ ամենահեռուն` ապոգեոս (կամ երկրահեռ կետ): Այդ օրը Լուսինը կլինի լիալուսնի փուլում և մեզ կերևա անսովոր մեծ չափով, ինչն էլ առիթ է տալիս այն կոչել «Գերլուսին»: Այս երևույթը չարաշահումների առիթ է հատկապես աստղագուշակների համար: Ինչպես հայտնի է, Երկրի օվկիանոսների և ծովերի մակընթացությունները և տեղատվություններն առաջանում են Լուսնի ձգողական ուժի ազդեցության տակ, և մարտի 19-ին ջրի մակարդակի տատանումների ամպլիտուդը հատկապես մեծ կլինի, այսինքն կդիտվեն չափազանց բարձր մակընթացություններ և չափազանց ցածր տեղատվություններ, ասվում է աստղաֆիզիկոսի հաղորդագրության մեջ:

Աստղագետները համարում են, որ Լուսնի հեռավորությունը կապ չունի Երկրի վրա տեղի ունեցող տարերային աղետների հետ և եթե հատուկ ջանքեր գործադրենք, միշտ էլ կարելի է ցանկացած տարերային աղետի հետ կապված գտնել որևէ երկնային երևույթ: Մասնավորապես, վերհիշելով անցած տարերային աղետները, ոմանք փորձում են դրանք կապել Լուսնի մերձեցման հետ: Լուսնի երկրամերձ կետերում են տեղի ունեցել 1938թ. փոթորիկը Նոր Անգլիայում, 1955թ. ջրհեղեղն ավստրալական Որսորդների հարթավայրում, 1974թ. Թրեյսի ցիկլոնը, 2005թ. Կատրինա փոթորիկը և Ինդոնեզիայի ցունամին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---