Էրդողանը Մեդվեդևին է նվիրել 1921 թվականի Մոսկվայի անօրինական պայմանագրի պատճենը

Էրդողանը Մեդվեդևին է նվիրել 1921 թվականի Մոսկվայի անօրինական պայմանագրի պատճենը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին նվիրել է երկու երկրների միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի պատճենը, ինչպես նաև հոբելյանական նամականիշ, որը թուրքական իշխանությունները թողարկել են փաստաթղթի ստորագրման 90-ամյակի պատվին:

Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ցույց էր կազմակերպվել: Ակցիային մասնակցում էին ավելի քան 100 երիտասարդներ: Հավաքվածներն ընթերցել են ռուսական իշխանություններին ուղղված բողոքի նամակը` պահանջելով անօրինական համարել 1921-ի Մոսկվայի պայմանագիրը: Ցուցարարներն իրենց պահանջները դեսպանատանն են փոխանցել դագաղի մեջ: Դագաղում գտնվում էր դեսպանատանը հասցեագրված նամակը, ինչպես նաև 1921թ. Մոսկվայի պայմանագրի պատճենը: «Մեռելածին պայմանագրի համար դագաղ է հարկավոր»,- հայտարարել է ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Նամակի ևս մեկ պատճեն տեղադրվել է դեսպանության փոստի համար նախատեսված արկղի մեջ:

Դրանից հետո հավաքվածները շարժվել են դեպի Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը, որտեղ ՀՅԴ երիտասարդական թևը մտադիր է Թալեաթ-փաշայի սպանության 90-ամյակին նվիրված միջոցաում անցկացնել:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պատմաբան Էդիկ Մինասյանը, Մոսկվայի պայմանագիրն անօրինական է, քանի որ 1921 թվականի մարտին Քեմալական Թուրքիան և Ռուսաստանը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին ճանաչվել և իրավունք չունեին որոշելու երրորդ պետության ճակատագիրը:

1921 թվականի Մոսկվայի պայմանագիր

90 տարի առաջ մարտի 16-ին քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը կնքել են եղբայրության և բարեկամության մասին պայմանագիր: Մոսկվայի պայմանագրի հետևանքով Թուրքիային են անցել 30 հազար քառակուսի կմ հայկական տարածքներ: Այդ տարածքները զավթվել էին Հայաստանի դեմ Թուրքիայի զինված ագրեսիայի արդյունքում, որն ավարտվել էր պայմանագրի ստորագրումից ընդամենը 3,5 ամիս առաջ:

Մոսկվայի պայմանագիրն այսպիսով կոչված էր Թուրքիային հանձնել նվաճված հայկական տարածքները, իսկ բոլշևիկները ճանաչել են թուրքական ագրեսիայի արդյունքները: Մոսկվայի պայմանագիրը (III հոդված), «որոշում» է նաև Նախիջևանի ճակատագիրը, որը ոչ մի կապ չուներ ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի հետ. «պայմանավորվող երկու կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը պայմանագրի I դրույթում նշված սահմաններում կազմում է ինքնավար տարածք Ադրբեջանի ենթակայության տակ այն պայմանով, որ Ադրբեջանը չի զիջի իր պրոտեկտորատը երրորդ երկրի»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---