Եժի Բուզեկ. Եվրախորհրդարանը կանի հնարավորը, որպեսզի ապահովվի հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղությունը

Եժի Բուզեկ. Եվրախորհրդարանը կանի հնարավորը, որպեսզի ապահովվի հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղությունը

PanARMENIAN.Net - Եվրոպական Խորհրդարանը կարևորում Է Հայաստանի հաստատակամությունը բարեփոխումների, թափանցիկությունը, ժողովրդավարությունը, դատաիրավական համակարգերը, մարդու իրավունքները բարելավելու հարցերում: Այս մասին մարտի 17-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումից հետո` ճեպազրույցի ժամանակ, նշել է Եժի Բուզեկը` ողջունելով քննարկումները ապագայում ասոցացման համաձայնագիրը կնքելու, ինչպես նաև ազատ առևտրի խորը, համապարփակ տարածք ստեղծելու, վիզաների հեշտացման ուղղությամբ: «Մենք մտահոգված ենք ԼՂ հակամարտությամբ և կանենք հնարավորը, որ ապահովվի այդ տարածաշրջանի խաղաղությունը: Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից»,- ասել է նա: Եժի Բուզեկի խոսքով` շատ կարևոր է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վավերացումը: Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին` «Եվրանեսթ»-ին անդամակցելու համար: «Այսօր մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, և առաջին հանդիպումը կգումարվի մայիսին ԵԽ-ում: Հուսով ենք, որ մենք մայիսին կհանդիպենք նաև մայրաքաղաք Երևանում, ինչը հնարավորություն կտա քննարկելու հարցեր` կապված ձեր տարածաշրջանի հետ»,- նշել է Եվրոպական Խորհրդարանի նախագահը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք հանդիպման ժամանակ քննարկել են ԵՄ հետ համագործակցության օրակարգում ներառված բոլոր հարցերը: «Մենք համոզված ենք, որ այս հանդիպումները և աջակցությունը, որ տեսնում ենք, նոր թափ են հաղորդելու մեր բարեփոխումների ծրագրին: Դա առաջին հերթին վերաբերում է տնտեսական, ժողովրդավարական բարեփոխումների փաթեթին, որոնք մեր օրակարգում են»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: Նրա խոսքով` տարածաշրջանային քաղաքական խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը հանգեցնում է այն եզրակացության, որ ԵՄ-ի հետ Հայաստանի տեսակետներն ամբողջությամբ համընկնում են:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին` նա նկատել է, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում միշտ եղել է շատ հստակ: Հայաստանը պատրաստ է եղել հարաբերությունները կարգավորել առանց որևէ նախապայմանի: «Ղարաբաղի հարցի կարգավորման գործում նույնպես մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղ լուծումն այլընտրանք չունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, մեր գնահատմամբ, ընթանում է ճիշտ ուղղությամբ: «Եվրանեսթ»-ի խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը ևս հստակ է: Մենք շահագրգռված ենք, որ այդ կառույցը կայանա և մեր համոզմունքով` այն կխթանի եվրաինտեգրման ռեֆորմներն ու գործընթացները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---