«Զվարթնոցում» մտահոգված են 3 ամսվա ընթացքում «Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքի աճով

«Զվարթնոցում» մտահոգված են 3 ամսվա ընթացքում «Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքի աճով

PanARMENIAN.Net - «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որը շահագործում է երևանյան «Զվարթնոց» օդանավակայանը, ի պատասխան «Արմավիա» ավիաընկերության բողոքին մարտի 16-ի երեկոյան հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ օդանավակայանում ինքնաթիռների սպասարկման գները չեն փոխվել 2005-ից ի վեր:

Մարտի 16-ի առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը հետաձգեց իր չվերթները մեկ ժամով, ինչը յուրօրինակ բողոքի ակցիա էր «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գների դեմ: Նույն օրը «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բագդասարովը հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկումը 3 անգամ ավելի թանկ է, քան Մոսկվայի օդանավակայաններում, իսկ Եվրոպայի հետ համեմատած` թանկ է 2 անգամ (Փարիզ` 1.5 անգամ, Հռոմ` 2.5 անգամ):

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ կողմից օդանավերի սպասարկման ներկայիս գները սահմանվել են 2005 թվականին` հաշվի առնելով օդանավակայանի զարգացման Մաստեր պլանը և առ այսօր չեն փոփոխվել»,- ասվում է օդանավակայանի մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net ին տրամադրված հայտարարության մեջ:

Դրա հետ մեկտեղ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ անհանգստացած է «Արմավիա» ավիաընկերության կողմից երեք ամիս կուտակած պարտքի գումարի աճի կապակցությամբ: Ավելին` ավիաընկերությունը մշտապես խախտում է պարտքի մարման իր իսկ ներկայացրած ժամանակացույցը:

Ինչ վերաբերում է ավիավառելիքի սակագներին, ապա «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ավիավառելիքը ձեռք է բերում «Արմավիա» ավիաընկերության բաժնետիրոջը պատկանող Միկա Լիմիթեդ ընկերությունից և վաճառքի գին է սահմանում համաձայն ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի սահմանած բանաձևի: Ընդ որում, ավիավառելիքի դիմաց վճարումը «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն կատարում է ավիավառելիքը ստանալու պահին, նույն օրը, առանց ուշացումների:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցավում է ուղևորներին ավիաընկերության կողմից պատճառված անհարմարությունների համար և հուսով է, որ ազգային ավիափոխադրողը շուտափույթ միջոցներ կձեռնարկի իրադրությունը շտկելու համար` ժամանակին կատարելով իր ստանձնած պարտավորությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---