Նուբարաշենի կալանավորներն արդեն 6 օր է շարունակում են հացադուլը

Նուբարաշենի կալանավորներն արդեն 6 օր է շարունակում են հացադուլը

PanARMENIAN.Net - Տեղեկություններն այն մասին, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ բանտարկության դատապարտված 70 կալանավորները դադարեցրել են մարտի 12-ին սկսած հացադուլը, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրներից, մինչ օրս հացադուլը շարունակում են Սերգեյ Մովսիսյանը (1983թ.), Մանուկ Սեմերջյանը (1968թ.), Սերգեյ Պետրոսյանը (1968թ.) և Արսեն Արուշանյանը (1973թ.): Կալանավորները պահանջում են ընդամենը մարդավայել պայմաններ ապահովել: Ինչպես հայտնի է դարձել, վերջերս բանտի ղեկավարությունը բանտախցերի ներսից՝ պատուհանից 1 մ հեռավորության վրա ճաղավանդակներ է տեղադրել, ինչը ծանր հոգեբանական ճնշում է առաջացնում կալանավորների մոտ, որոնք չեն կարող մոտենալ պատուհանին: Նման որոշման պատճառը զբոսանքի ժամանակ կալանավորներից մեկի փախուստի դիմելու փորձն է եղել:

Բացի այդ, կալանավորների մեծ մասը լուրջ առողջական խնդիրներ ունի և նրանք հատուկ դիետիկ սննդի կարիք ունեն: Սակայն, բանտի ղեկավարությունը անտեսում է կալանավորների բողոքները, շարունակելով նրանց կերակրել այնպիսի սնունդով, որը նույնիսկ ուտելու ենթակա չէ: Հարազատներին չի թույլատրվում փոխանցել նրանց ձավարեղեն, բանջարեղեն: Ինչպես պարզել է PanARMENIAN.Net ի թղթակիցը, միայն անցյալ տարի անմարդկային պայմանների պատճառով 15 մարդ է մահացել: «Մինչև հիվանդի առողջական վիճակը չի հասնում կրիտիկականի, նրան անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվում: Եվ հետո բանտում չկան բուժզննություն անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ»: Բացի սարսափելի սանիտարական պայմաններից, կալանավորներին միայն տարին մեկ է թույլատրվում երկարատև հանդիպում հարազատների հետ: Հայտնի է նաև, որ կալանավորների ուղարկած նամակները չեն հասնում հասցեատերերին: Կարելի է ասել, որ նրանք լիովին զրկված են արտաքին աշխարհի հետ շփումից:

Չնայած բանտի ղեկավարության ճնշմանը, կալանավորները կշարունակեն հացադուլն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց բողոքները չեն հասել համապատասխան կառույցներին:

Ինչ վերաբերում է հացադուլը դադարեցրած 66 հոգուն, ապա, որոշ տվյալներով, նրանց ստիպել են դա անել՝ տարբեր տեսակի սպառնալիքներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---