Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարության համար հանգանակվել է ավելի քան 11 մլն դոլար

Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարության համար հանգանակվել է ավելի քան 11 մլն դոլար

PanARMENIAN.Net - Այսօր «Մատենադարան»-ի հիմնադրամին հանգանակվել է 11 մլն 120 հազար դոլար, լրագրողներին հայտնել է «Մատենադարան» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Չիթչյանը: Նրա խոսքերով, ամենամեծ բարերարը դարձել է Մոսկվայի «Մոնարխ» կազմակերպության ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, որը նվիրել է 7 մլն 120 հազար դոլար, երկրորդ բարերարը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որը նվիրել է 2 մլն 840 հազար դոլար:

Հիմնադրամը ստեղծվել է 2008-ին Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությանն աջակցելու նպատակով:

Մատենադարանի նոր մասնաշենքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է «Մատենադարան» ՊՈԱԿ-ի տեխնիկական առաջադրանքի հիման վրա նախագծված նոր մասնաշենքի հնարավորությունները: Նշվել է, որ այն նախատեսված է գիտահետազոտական գործունեության, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի և գրադարանային ֆոնդերի պահպանության, վերականգնման, թվայնացման աշխատանքների կազմակերպման, գիտաշխատողների սպասարկման, գիտաժողովների անցկացման համար և հագեցված է նորագույն ինժեներական համակարգերով: Նոր մասնաշենքում կառուցվում է նաև դահլիճ` տեսահամակարգով և 4 լեզվով համաժամանակյա թարգմանության հնարավորությամբ: «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական բարեգործական հիմնադրամի Մատենդարանի համար նախատեսված ծրագրերի շրջանակում նորակառույց մասնաշենքը կկահավորվի, ձեռք կբերվեն վերականգնողական և թվայնացման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ:

Նոր մասնաշենքի ընդհանուր մակերեսը կազմում է 11358 քմ, ծավալը` 54462 խմ: Նոր մասնաշենքը շահագործման է հանձնվելու 2011-ի օգոստոսին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---