«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորները դադարեցրել են հացադուլը, սակայն մտադիր չեն հրաժարվել իրենց պահանջներից

«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորները դադարեցրել են հացադուլը, սակայն մտադիր չեն հրաժարվել իրենց պահանջներից

PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ բանտարկյալներն այսօր` մարտի 23-ին դադարեցրել են մարտի 12-ին հայտարարած հացադուլը: Ինչպես հայտնի դարձավ PanARMENIAN.Net ին, այսօր կալանավորները հանդիպել են ՔԿՀ պետի հետ, և նրանց խոստացել են, որ հացադուլը դադարեցնելու դեպքում Հայաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչները կհանդիպեն նրանց հետ և ականջ կդնեն նրանց բողոքներին: Հայտնի դարձավ նաև, որ բանտում սկսել են ճաղավանդակներ կիրառել խցերի ներսում, սակայն նոր ճաղավանդակներն այնքան հոծ են, որ թույլ չեն տալիս, որպեսզի ցերեկային լույսը խուց թափանցի:

Հացադուլը դադարեցրած կալանավորները, սակայն, իրենց մարդկային պայմաններ ապահովելու վերաբերյալ պահանջներից մտադիր չեն հրաժարվել, և եթե համապատասխան կառույցները չզբաղվեն իրենց խնդիրներով, նրանք դարձյալ իրենց ուժերի ներածի չափով բողոքի ակցիաներ կսկսեն անցկացնել:

Հիշեցնենք, որ մինչ օրս հացադուլը շարունակում էին Սերգեյ Մովսիսյանը (1983թ.), Մանուկ Սեմերջյանը (1968թ.), Սերգեյ Պետրոսյանը (1968թ.) և Արսեն Արուշանյանը (1973թ.):

Մարտի 21-ին Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ հանդիպել են մարտի 12-ին հացադուլ հայտարարած Մանուկ Սեմերջյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամլո ծառայությունից, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հանդիպեն և ականջ դնեն հացադուլի մյուս մասնակիցների բողոքներին, նրանց ազգականները պետք է գրավոր դիմում հղեն ՀՀ օմբուդսմենի գրասենյակին:

Հայտնի է դարձել նաև, որ աշխատակիցների անունից հայտարարություններ են ուղղարկվել Հայաստանի նախագահի և վարչապետի աշխատակազմեր, քանի որ զանազան ատյաններ ուղարկված նախորդ հայտարարություններին ադեկվատ պատասխան չի ստացվել:

Կալանավորները պահանջում են ընդամենը մարդավայել պայմաններ ապահովել: Ինչպես հայտնի է դարձել, վերջերս բանտի ղեկավարությունը բանտախցերի ներսից՝ պատուհանից 1 մ հեռավորության վրա ճաղավանդակներ է տեղադրել, ինչը ծանր հոգեբանական ճնշում է առաջացնում կալանավորների մոտ, որոնք չեն կարող մոտենալ պատուհանին: Նման որոշման պատճառը զբոսանքի ժամանակ կալանավորներից մեկի փախուստի դիմելու փորձն է եղել: Բացի այդ, կալանավորների մեծ մասը լուրջ առողջական խնդիրներ ունի և նրանք հատուկ դիետիկ սննդի կարիք ունեն: Սակայն, բանտի ղեկավարությունը անտեսում է կալանավորների բողոքները, շարունակելով նրանց կերակրել այնպիսի սնունդով, որը նույնիսկ ուտելու ենթակա չէ: Հարազատներին չի թույլատրվում փոխանցել նրանց ձավարեղեն, բանջարեղեն: Միայն անցյալ տարի անմարդկային պայմանների պատճառով 15 մարդ է մահացել: «Մինչև հիվանդի առողջական վիճակը չի հասնում կրիտիկականի, նրան անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվում: Եվ հետո բանտում չկան բուժզննություն անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ»: Բացի սարսափելի սանիտարական պայմաններից, կալանավորներին միայն տարին մեկ է թույլատրվում երկարատև հանդիպում հարազատների հետ: Հայտնի է նաև, որ կալանավորների ուղարկած նամակները չեն հասնում հասցեատերերին: Կարելի է ասել, որ նրանք լիովին զրկված են արտաքին աշխարհի հետ շփումից:

Կալանավորներից մեկի փաստաբան Նարինե Ռշտունին կապված ստեղծված իրադրության հետ արդեն դիմել է նախագահի վարչակազմ, Օմբուդսմենին, Հայաստանի արդարադատության նախարարություն, ինչպես նաև ԵԱՀԿ և ԿԽՄԿ երևանյան գրասենյակներ, սակայն ոչ մի պատասխան առայժմ չի ստացել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---