ՀՅԴ. Չճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Իսպանիան, այդպիսով, մերժում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը

ՀՅԴ. Չճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Իսպանիան, այդպիսով, մերժում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Իսպանիայի խորհրդարանը մերժել էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիրը, որը ներկայացրել էին Կատալոնիայի անկախական եւ Բասկերի ազգայնական կուսակցությունները: Իսպանիայի Հայ Դատի հանձնախումբն այդ կապակցությամբ ներկայացրել է հետեւյալ նկատառումները. «երկրի նախագահ Ռոդրիգես Զապատերոն 2004 թ.-ին ՄԱԿ-ին ներկայացրեց Քաղաքակրթությունների դաշինքը: Թուրքիան, որը միացել է այդ դաշինքին, ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը, իր գործողություններով հակասում է դաշինքի ոգուն, նույնը` Իսպանիայի խորհրդարանը, մերժելով ընդունել վերոհիշյալ խնդրագիրը, փաստորեն, անվավեր է ճանաչում Քաղաքակրթությունների դաշինքը»:

«Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ կան այլ առաջնահերթություններ Հայաստանի հետ քաղաքական օրակարգում, Հայ Դատի հանձնախումբը մատնանշում է, որ խնդիրների մեծ մասը, որոնց բախվում է Հայաստանը, ուղղակիորեն կապված են Թուրքիայի՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրի պատասխանատվությունից հրաժարվելու հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նույնպես կապված է այս հարցի հետ: Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են իրենց հակահայ քաղաքականությունը: Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, ինչը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, չի համաձայնում վավերացնել 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Ադրբեջանը, բացի այն, որ չի շտապում կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, շարունակ ոչնչացնում է Նախիջեւանի հայկական պատմամշակութային հուշարձանները»,-ասվում է հայտարարության մեջ:

«Չճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Իսպանիան, այդպիսով, չի ընդունում Եվրախորհրդարանի դիրքորոշումը, որը 1987թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւ էր ընդունել:

Դատապարտելով մարդկության դեմ հանցագործությունները, ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում` Եվրամիությունը հայտարարում է, որ դա ցանկացած երկրի ու կազմակերպության գերակայությունը պետք է լինի` անկախ գաղափարական եւ քաղաքական հայացքներից:

«Ժամանակը չի մեղմում հանցագործությունների լրջությունը, եւ յուրաքանչյուրի պարտականությունն է կանխել այն հայտարարությունները, որոնք արդարացնում են անպատժելիությունը: Մենք պատասխան չենք ուզում: Մենք պահանջում ենք պատմական արդարություն»,- ասվում է Իսպանիայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---