Հայ երիտասարդներին Հաքաթոնի միջոցով կսովորեցնեն օգտվել Վիքիփեդիայից

Հայ երիտասարդներին Հաքաթոնի միջոցով կսովորեցնեն օգտվել Վիքիփեդիայից

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին ESPACES կենտրոնում «Վիքիփեդիա դպրոցներ և համալսարաններ» նախագծի շրջանակներում կանցկացվի Հաքաթոն միջոցառումը, որի ընթացքում նախատեսվում է անգլերենից հայերեն թարգմանել «Վիքիփեդիա» առցանց հանրագիտարանի մի քանի կարևոր հոդվածներ, որոնք վերաբերվում են «Վիքիփեդիայից» օգտվելու կանոններին, ոճին և սկզբունքներին։

Ինչպես տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին միջոցառման նախաձեռնող, հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատոր և մասնակից Ալեքսեյ Չալաբյանը, Հաքաթոնի հիմնական նպատակն է «Վիքիփեդիա»-ում նոր գրանցվող մարդկանց համար հասանելի և պարզ դարձնել «Վիքիփեդիայից» օգտվելու կանոնները: «Երբ մարդիկ գրանցվում են, բավականին ժամանակ են ծախսում հոդված ավելացնելու վրա, սխալ անելու դեպքում ջնջվում է և այլն։ Ահա թե ինչու Հաքաթոնին մենք կթարգմանենք հենց «Վիքիփեդիայից» օգտվելու կանոնները։ Կանոնների մի մասը կա հայերեն լեզվով, բայց դրանք պարբերաբար թարմացման կարիք ունեն և ամբողջական չեն»,-ասել է նա։

Ալեքսեյ Չալաբյանը նշեց, որ միջոցառումը լինելու է ոչ ֆորմալ և ազատ մթնոլորտում. «Թարգմանությունը նախատեսվում է իրականացնել զույգերով, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ լինի։ Եթե մենք կարողնանաք մեկ օրվա ընթացքում թարգմանել «Վիքիփեդիայից» օգտվելու կանոններին վերաբերող 50 հոդվածից գոնե 20-ը, սա կլինի հիանալի արդյունք։ Ակնկալում ենք մոտ 40 հոգու մասնակցություն»։

Միջոցառման անվանումը՝ հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Ինչպես նշեց Ալեքսեյ Չալաբյանը hacking տեխնիկական իմաստով՝լավ տիրապետել և բարելավել։

Հաքաթոնի սկզբում մասնակիցներին կներկայացվի կարճ ներածություն Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերի, նպատակների, և հատկապես Հայաստանում առկա խնդիրների ու նախագծերի վերաբերյալ։

Հաքաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել նամակ info@improve.am հասցեին՝ նշելով անունը, ազգանունը, բջջային հեռախոսահամարը։

«Վիքիփեդիա դպրոցներ և համալսարաններ» նախագիծը պաշտոնապես իրականացվում է 2010 թվականից աշխարհի հեղինակավոր բուհերում և դպրոցներում։ Նպատակն է հայկական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ակտիվ ներգրավումը համացանցում Հայաստանի իմիջի և հեղինակության ձևավորման հարցում և պայքար ապատեղեկատվության դեմ` Հայաստանի պատմության, մշակույթի, իրավունքների ճիշտ և պատշաճ ներկայացման միջոցով։

Նախագծի նախաձեռնողներն են «ԿԱԶԱ» մարդասիրական հիմնադրամը, «ԱՆԱՀԻՏ» նախաձեռնությունը, Հայերեն Վիքիփեդիայի համայնքի ադմինիստրատորները և անդամները, ԻՏՁՄ-ն, ARAX օպերացիոն համակարգի աշխատանքային թիմը և «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---