Ռումինահայությունն այսուհետ առավել համակարգված կգործի ի շահ Հայաստանի եւ Արցախի

Ռումինահայությունն այսուհետ առավել համակարգված կգործի ի շահ Հայաստանի եւ Արցախի

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ռումինիայում հիմնեց տեղական մարմին եւ իր մեծ ընտանիքը համալրեց եւս մեկ անդամով: Ռումինահայության հանգանակություններն ի շահ Հայաստանի եւ Արցախի շենացման այսուհետ կիրականացվեն առավել համակարգված եւ նպատակաուղղված:

Համայնքի հետ տեղում ծանոթանալու, գրասենյակի հիմնմանն առնչվող հարցերը կարգավորելու եւ Հիմնադրամի գործունեությունը համայնքին առավել բովանդակալից ներկայացնելու նպատակով մարտի 20-ին եռօրյա աշխատանքային այցով Ռումինիա էր մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանը: Հանդիպումների շարքը մեկնարկեց Բուխարեստի հայկական եկեղեցում մատուցված կիրակնօրյա պատարագով, որի ավարտին Տաթեւ Վարդապետ Հակոբյանը ներկայացրեց ՙՀայաստան՚ հիմնադրամի համահայկական առաքելությունը եւ Հրաչ Հովհաննիսյանի այցելության նպատակը: Իր ողջույնի խոսքում պարոն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ Ռումինիայի հայ համայնքի միասնականությունն առավել վառ կդրսեւորվի մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդմամբ եւ հայրենաշինության գործին իր ակտիվ մասնակցությամբ:

«2010-ին ռումինահայերի փոքր համայնքն ավելի քան 14 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն կատարեց Հիմնադրամին: Գումարը կուղղվի 2011թ-ին իրականացվող մեր ծրագրերին: Ռումինիայում գրասենյակի հիմնումն այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին ոչ միայն կկապի հայրենիքի հետ, այլեւ հնարավորություն կտա մասնակցել հայրենիքի բարգավաճման ու հզորացման գործին: Մենք ուժեղ ենք, երբ մեկտեղում ենք մեր ջանքերը մեկ ընդհանուր նպատակի շուրջ», - ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Կոնստանցիայի փոքրաթիվ համայնքը եւս ջերմ ընդունելության արժանացրեց Հիմնադրամի ներկայացուցչին: Հանգամանքների բերումով այստեղ հիմնված մեր հայրենակիցները, որոնցից շատերը 50-60-ական թվականներին էին վերջին անգամ եղել հայրենիքում, հուզված էին թե’ հայաստանյան հյուրի այցելությունից, եւ թե’ հայրենիքի մասին իրենց հիշողություններից: Համայնքի ղեկավար Ավետիս ա.քհն. Մանդալյանի խոսքով` Կոնստանցիայի նախկին ստվար համայնքից այսօր շուրջ 200 հոգի է մնացել: Ավագ սերունդը գնալով պակասում է, իսկ երիտասարդները մեկնում են արտերկիր` աշխատելու կամ ուսում ստանալու:Կարեւորելով հայրենիքի հետ կապերի ակտիվացումը` Տեր հայրը հույս հայտնեց, որ Կոնստանցիայի փոքրաթիվ համայնքն իր համեստ լուման կունենա ՙՀայաստան՚ հիմնադրամի առաջիկա ծրագրերում: Նրա խոսքով` համայնքի ավագ ներկայացուցիչները եւ անձամբ ինքը քաջալերում են համայնքի անդամներին եկեղեցի հաճախել եւ ամեն գնով պահպանել իրենց լեզուն եւ ինքնությունը:

Այցելության ավարտին Հ.Հովհաննիսյանը հանդիպեց «Արարատ» շաբաթաթերթի եւ «Նոր կյանք» ամսաթերթի խմբագիրների հետ, ովքեր հանձն առան ամեն կերպ աջակցել Հիմնադրամի գործունեությունը լուսաբանող հաղորդագրությունների տարածմանը համայնքում: «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն իսկ աշխարհին ներկայանում է 18 երկրում գործող 21 տեղական մարմիններով, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---