«Ալեքս Գրիգ» ընկերությունը համաձայն չէ անբարեխիղճ մրցակցության մեղադրանքների հետ

«Ալեքս Գրիգ» ընկերությունը համաձայն չէ անբարեխիղճ մրցակցության  մեղադրանքների հետ

PanARMENIAN.Net - Վերջին օրերին մամուլը մշտապես անդրադառնում է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքերին: Մամուլի հրապարկումների համար հիմք են հանդիսացել ուկրաինական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածները այն մասին, որ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած որոշ օղիներ շփոթության աստիճան նման են ուկրաինական գրեթե համանուն օղիներին:

Այս առնչությամբ, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հիշեցնում է, որ 2010 թվականին «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ և կիրառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դրամ տուգանք՝այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:

Հանձնաժողովի որոշմամբ, «Ալեքս Գրիգ» ընկերությանը հանձնարարվել է դադարեցնել և հետագայում ևս բացառել կեղծված ապրանքային նշանների օգտագործմամբ օղու իրացումը և հանել այդ ապրանքները շրջանառությունից: Սակայն, ընկերության կողմից դատական կարգով բողոքարկվել են Հանձնաժողովի բոլոր 7 որոշումները և այս պահի դրությամբ դրանք գտնվում են դատարանի վարույթում:

ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենքով անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար տուգանքի առավելագույն չափ է սահմանված 500 հազար դրամը: Սակայն, նոր օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է զգալիորեն խստացնել անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները:

Հանձնաժողովը մշտապես հետևողական է նաև այս դաշտում առկա խնդիրների և իր կողմից կայացված որոշումների հանդեպ, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---