Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը ՆԱՏՕ տեղափոխելու` Ադրբեջանի փորձերն անիմաստ են

Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը ՆԱՏՕ տեղափոխելու` Ադրբեջանի փորձերն անիմաստ են

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը ՆԱՏՕ տեղափոխելու` Ադրբեջանի փորձերը ոչ մի բանի չեն հանգեցնի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը: Նրա խոսքով, ադրբեջանական պատգամավորները բազմիցս փորձել են Ղարաբաղի վերաբերյալ զանազան բանաձևերի նախագծեր մտցնել ՆԱՏՕ ԽՎ: «Սակայն դա նրանց չի հաջողվել, ինչը խոսում է այն մասին, որ նրանք պարզապես իմիտացնում են «բուռն գործունեությունը»: ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում հստակ հայտարարվել է. կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- ասել է Ավագյանը:

Նա նկատել է նաև, որ հայկական պատվիրակությունն արդեն ստանում է մայիսի 27-ից 30-ը Վառնայում կայանալիք նստաշրջանի նյութերը, և դրանցում Ադրբեջանի բանաձևի նախագծի մասին ոչինչ չկա: «Եթե հանկարծ նման մի բան հայտնվի, ապա մենք արդեն որոշակի քայլեր կձեռնարկենք, որպեսզի թույլ չտանք դրա ընդգրկումը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանի օրակարգում: Մինչև հիմա դա մեզ հաջողվել է»,- ընդգծել է հայկական պատվիրակության ղեկավարը:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստվում է այդ միջազգային կառույցի գարնանային նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծ առաջադրել քննարկման, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---