ՀՀ փոխվարչապետն ու UNIDO-ի ներկայացուցիչը քննարկեցին ԵվրԱզԷՍ-ի տարածքում արդյունաբերական ինտեգրացիան

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ապրիլի 18-ին ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) պատվիրակությանը` կազմակերպության կառավարիչ տնօրենի տեղակալ Ռանկո Վույաչիչի գլխավորությամբ:

Պատվիրակությունը Հայաստանում է UNIDO-ի կողմից իրականացվող «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջև արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի արդյունքները ՀՀ կառավարությանը ներկայացնելու, ապրիլի 19-ին Երևանում կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից արդյունաբերության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու ու համագործակցության հարցեր քննարկելու նպատակով:

Փոխվարչապետը նշեց, որ UNIDO-ի կողմից իրականացվող ծրագիրը ՀՀ կառավարության տնտեսական զարգացման գերակայությունների համատեքստում է: Ծրագրի ուղղությունները` արդունաբերության արդիականացմանը, տարածքների համաչափ զարգացմանն աջակցությունը, նաև կառավարության առաջնահերթ խնդիրների շարքում են: Նա նաև ողջունեց հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին մասնակցելու նրանց ցանկությունը` նկատելով, որ նման ձևաչափով համաժողով առաջին անգամ է անցկացվում երկու երկրների միջև:

Հյուրերը փոխվարչապետին ներկայացրին «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջև արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի ուղղություններն ու ընթացիկ արդյունքները: Նշվեց, որ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով մասնակից երկրներում, այդ թվում` Հայաստանում, ստեղծվել են գրասենյակներ, որոնց շուրջ կազմավորվել են նախագծի հիմնական ուղղությունների թեմատիկ խմբերը: Ներկայումս աշխատանքներն իրականացվում են երեք հիմնական ուղղություններով` ներդրումային աջակցություն, արդյունաբերական տարածության զարգացում և տեխնոլոգիաների փոխանցում:

Ծրագրի նպատակը ԵվրԱզԷՍ-ի տարածքում արդյունաբերական ինտեգրացիայի և միասնական տնտեսական տարածքի ձևավորման գործընթացներին աջակցելն է` միջազգային արդյունաբերական գործակցության խորացման և մասնակից-երկրների արդյունաբերության արդիականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---