Քաղաքականությունը չպետք է ազդի Հայոց ցեղասպանության ճանաչման վրա, գտնում են ԱՄՆ կոնգրեսականները

PanARMENIAN.Net - Կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդն ու Ջիմ Կոստան դիմել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին պահանջելով երաշխավորել, որ Պետդեպարտամենտի վեբկայքում Հայաստանի ու Թուրքիայի պատմությունը ներկայացվի Հայոց ցեղասպանության բարոյական, քաղաքական ու պատմական հետևանքների ճանաչմամբ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): ԱՄՆ պետքարտուղարին ուղղված ապրիլի 15-ի նամակում կոնգրեսականները պարզաբանում են, որ «տեղեկատու աղբյուրները» Հայաստանի և Թուրքիայի վերաբերյալ չեն հիշատակում այն 1,5 մլն հայերին, որոնց նախագահ Օբաման անցյալ տարի ճանաչեց Հայոց ցեղասպանության զոհեր: «Դա ոչ միայն պատմական սխալ է, որը թույլ է տրված Պետդեպարտամենտի կայքում, դա նաև վիրավորում է զոհերի հիշատակը»,-ասվում է նամակում:

Կոնգրեսականները գտնում են նաև, որ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, ԱՄՆ վարչակազմը խուսափում է ցանկացած ցեղասպանության ճանաչումից ու դատապարտումից, որին սկիզբ դրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: «Մենք միանում ենք Իլինոյսի ու Կալիֆորնիայի և ողջ երկրի հայերին ու շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Դոլդին ու Կոստային ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան ժողովրդի պատմության փաստերի հետ համադրելու նրանց ձգտման համար»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ նրա, այն, որ Պետդեպարտամենտը հրաժարվում է նույնիսկ հիշատակել Թուրքիայի կողմից հայերի սպանություններն ու բռնագաղթը, խորապես վիրավորական է: «Դա կարող է համեմատվել միայն Հոլոքոսթի ժխտման, ացտեկների պատմության կամ Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների ոչնչացման հետ»,-ասել է Համբարյանը:

Դոլդն ու Կոստան նաև կոչ են արել Հիլարի Քլինթոնին և նախագահ Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ի ուղերձում և կատարել նախընտրական խոստումը: 2007-ին ԱՄՆ նախագահության թեկնածու, սենատոր Բարաք Օբաման հայտարարեց. «Հայոց ցեղասպանությունը ոչ թե պնդում է, անձնական կարծիք կամ տեսակետ, այլ փաստ է, որ ամրագրված է անվիճելի պատմական ապացույցներով: Լինելով Սենատոր՝ ես վճռապես սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը և որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---