Աշոտյանը Ռումինիայում. Բաքվին հաճոյացողների կարծիքը չի ազդի Արցախի ճակատագրի վրա

Աշոտյանը Ռումինիայում. Բաքվին հաճոյացողների կարծիքը չի ազդի Արցախի ճակատագրի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 21-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի կրթության և գիտության նախարար Դանիել Ֆուներիուի հետ, որից հետո երկու նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Ասուլիսի ընթացքում ռումինացի լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչպես նա կմեկնաբանի Ռումինիայի նախագահի Բաքվում կատարած հայտարարությունը և ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քաչարյանի պատասխանը և արդյոք նա այդ հայտարարությունը չի դիտարկում որպես խոչընդոտ՝ կրթության և գիտության ոլորտում հայ-ռումինական համագործակցության համար:

Նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ հայ-ռումինական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում խարսխված են ոչ թե աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի վրա, այլ՝ քաղաքակրթական նմանությունների և ընդհանրությունների վրա: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը Մինսկի խմբի մոտեցումներին համաձայն՝ հիմնված է երեք հիմնական սկզբունքի վրա՝ ինքնորոշման, խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից, վաղուց կայացրել է իր որոշումը և որևէ կարծիք, որը հակասում է Ղարաբաղի ժողովրդի այդ որոշմանն ու միջազգային հանրության դիրքորոշմանը և արված է Ադրբեջանի իշխանությանն հաճոյանալու համար, չի կարող ազդել Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի վրա:

«Չէի ցանկանա հավատալ, որ ԵՄ անդամ որեւէ պետության ղեկավար նման կողմնակալ եւ ապակառուցողական հայտարարություն կարող էր անել»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, եւ այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:

«Եթե այդպիսի հայտարարություն իրոք արվել է, ապա դա հակադրում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական հանդիպումների, Աստանայի գագաթաժողովի, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի` լ'Աքվիլայի եւ Մուսկոկայի համատեղ հայտարարություններին, որտեղ հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Առնվազն տարակուսանք կարող են առաջացնել Ադրբեջանին հաճոյանալուն ուղղված նմանատիպ հայտարարությունները»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---