Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը խթանելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը խթանելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով, ստեղծվել է պետական հանձնաժողով և հաստատվել է հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Հանրապետության ղեկավարի հրամանագրով, մի շարք հանձնարարականներ են տրվել ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային: Մասնավորապես հանձնարարվել է՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի նախարարներին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` ձևավորել և պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի խորհրդատվական խմբի անվանական կազմը` ապահովելով մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետների, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչների ներգրավվածությունը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին` աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, իրականացվող աշխատանքների համադրմանը` ապահովելով պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը:

Հայաստանի Հանրապետության դեսպանություններին, գլխավոր հյուպատոսություններին և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններին` ակտիվացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ապահովել պատշաճ աջակցություն և մասնակցություն իրենց հավատարմագրման երկրներում ու կառույցներում կազմակերպվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հրամանագրի համաձայն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը կհրավիրվի 2011 թվականի մայիսի 30-ին` Երևանում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---