Իրանի գլխավոր հայկական համայնքները նշել են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը

Իրանի գլխավոր հայկական համայնքները նշել են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Իրանի երեք հայոց թեմերում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Հատկապես լայնածավալ միջոցառումներ են տեղի ունեցել Թեհրանում եւ Նոր Ջուղայում /Սպահանում/, իսկ Թավրիզում, հիմնականում տեղի են ունեցել եկեղեցական բնույթի միջոցառումներ:

Նոր Ջուղայի Սբ. Ստեփանոս եկեղեցում տեղի է ունեցել հսկումի արարողություն, իսկ հետո մեկնարկել է ավանդական ցույցը՝ մոմերով երթը: Ներկաները շարժվել են դեպի Սբ. Ամենափրկիչ վանք, որտեղ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ տեղի է ունեցել բողոքի համահավաք, մոմավառություն եւ ծաղիկների մատուցում:

Բողոքի համահավաքի ընթացքում ելույթներ են ունեցել՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգեն եպս. Չարյանը, Սպահանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Նոել Մինասյանը եւ Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի հանձնախմբի ներկայացուցիչը:

Բողոքի համահավաքին հաջորդել է «Ռուբեն» երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպված բաց զրուցարանը, որի ընթացքում համայնքի երիտասարդները sms քվեարկություններով եւ ելույթներով իրենց տեսակետներն ու առաջարկներն են հայտնել Հայոց Ցեղասպանության հետեւանքով առաջացած կորուստների եւ Ցեղասպանության փաստն ուրանալու Թուրքիայի պատճառաբանությունների մասին:

Ապրիլի 24-ին երեկոյան թեհրանահայերը հավաքվել էին Սբ. Սարգիս եկեղեցում՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների հիշատակը, որի ընթացքում տեղի ունեցավ հոգեհանգիստ, ծաղիկների մատուցում Նահատակների հուշարձանի մոտ, եւ երիտասարդական համահավաք:

Ծրագիրը սկսվեց հոգեհանգստյան արարողությամբ, որը նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը. այն կատարվեց եկեղեցու բակում գտնվող Նահատակների հուշարձանի մոտ: Հոգեհանգստյան արարողությանը մասնակցում էր Ս. Սարգիս եկեղեցու երգչախումբը:

Մեծ Եղեռնի Նահատակների հոգիների խաղաղության համար հուշարձանի մոտ կատարվող կրոնական արարողությունից եւ խնկարկումից հետո ներկաներին իր խոսքն ուղղեց թեմակալ առաջնորդը:

Սրբազան Հոր ելույթից հետո սկսվեց ծաղիկների մատուցման արարողությունը: Ծաղկեմատույցից հետո տեղի ունեցավ երիտասարդական համահավաք, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---