Ռալֆ Յիրիկյան. Դասական երաժշտությունը փրկություն է ամենօրյա սթրեսից

Ռալֆ Յիրիկյան. Դասական  երաժշտությունը փրկություն է ամենօրյա սթրեսից

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 7րդ փառատոնի բացման արարողությունը:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, կոլեկտիվների կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է` արվեստասեր հասարակությանը: Այս փառատոնը նպատակ ունի նաև հասարակության լայն շերտերին ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներին:

«Դասական երաժշտությունը փրկություն է ամենօրյա սթրեսից. գանձարան, որում ամեն անգամ մի նոր գոհար է կարելի գտնել: Ցանկացած երկիր քաղաքակիրթ է համարվում արվեստի և արվեստագետի հանդեպ իր վերաբերմունքով: Եվ պետք է ընդունել, որ դասական երաժշտությունը մեր երեխաների հոգիներում ցանկալի արժեքների դաստիարակման լավագույն միջոցն է», -ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 7րդ փառատոնի շրջանակներում կատարումներով հանդես են գալու փառատոնի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Արամ Թալալյան), «Հայաստանի պատանի տաղանդներ» և «Լոնդոն-Երևան» ծրագրի մասնակիցները, Ալեքսանդր Բրուսիլովսկին (ջութակ) (Ֆրանսիա), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ) (Գերմանիա), Հակոբ Ջաղացպանյանը (կիթառ) և այլ երաժիշտներ։

Փառատոնի հանդիսավոր բացման համերգը նվիրված է կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին:

Առաջին անգամ, Հայաստանի առաջատար երաժիշտների կատարմամբ, մեկ համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Միրզոյանի կամերային հատընտիր ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---