Փոխվարչապետը գտնում է, որ Հայաստանում ՀԲ-ի սոցիալական ծրագրերը հաջողությամբ են իրականացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 4-ին ընդունեց Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին` ՀԲ երևանյան գրասենյակի պատասխանատուների ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Քննարկվեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: Երկուստեք նշվեց, որ ՀԲ -ի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերն իրականացվել են հաջողությամբ և նպաստել մարզերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը: Երրորդ ծրագիրն ավարտվում է այս տարի, և կողմերը, կարևորելով դրա շարունակականության ապահովումը, քննարկեցին ՀՍՆՀ-Համաշխարհային բանկ գործակցությամբ հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, Հայաստանի կառավարության կողմից ծրագիրը շարունակելու վերաբերյալ համապատասխան հայտ արդեն ներկայացվել է ՀԲ-ին, և ներկայումս քննարկվում են ֆինանսավորման մեխանիզմները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀԲ պատասխանատուների հետ առաջիկա քննարկումների ժամանակ այդ մեխանիզմները կհստակեցվեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---