Երևանում օդը մաքուր պահելու համար պետք է շատ ծառ տնկել, ասում է բնապահպանը

PanARMENIAN.Net - Երևանում օդի աղտոտվածության դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը հնարավորինս շատ ծառ տնկելն է: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց բնապահպան Թամարա Գալստյանը: «Քաղաքների կառուցման պլանում միշտ հաշվի է առնվում կանաչ գոտիների դերը: Քաղաքի այն վայրերը, որտեղ կան ծառեր, խոնավությունը շատ է, ծառերը պաշտպանում են այդ վայրերը փոշուց: Երևանում, հատկապես մայրաքաղաքի կենտրոնում, այգիների, կանաչ գոտիների ոչ համասեռ տարածված լինելը խիստ բացասական է ազդում քաղաքի օդի վրա, ինչ էլ անդրադառնում է մարդկանց առողջության վրա», - ասաց բնապահպանը:

Նրա խոսքով, օդի աղտոտվածությանը նպաստում են հատկապես մեքենաների, գործարանների արտանետումները, որոնք պարունակում են ծանր մետաղներ: Այս պայմաններում, ծառը կատարում է էկոլոգիական պաշտպանիչ դեր. այն իր վրա է հավաքում օդում կուտակված փոշին` թույլ չտալով, որ այն թափանցի բնակարանները «Նկատի ունենալով սա` մենք պետք է աչքի լույսի պես պահենք ծառերը, հատկապես նրանք, որոնք արդեն 30-40 տարեկան են: Երևանում յուրաքանչյուր ծառ թթվածնով է ապահովում 3 բնակչի: Թվաբանական այս հաշվարկով պետք է առաջնորդվել Երևանում ծառեր տնկելիս» ,- նշեց Թամարա Գալստյանը:

Նրա պնդմամբ, անհրաժեշտ է խստացնել ծառահատման համար նախատեսված պատժի ու տույժի չափը: Նա գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Երևանում գիհիների տնկմամբ, միևույն ժամանակ ընդգծեց, որ դրանք պետք է խնամել ու ժամանակին ջրել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---