Բակո Սահակյան. Մայիսի 9 խորհրդանշում է մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին

Բակո Սահակյան. Մայիսի 9 խորհրդանշում է մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինվորներին և վետերաններին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մայիսի 9-ը մեզ համար դարձել է ամենաթանկ ու նվիրական տոներից մեկը: Այն խորհրդանշում է մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին, նրա անձնուրաց նվիրվածությունն ու հավատարմությունը Հայրենիքին և, իհարկե, հավատը լավի ու բարու հաղթանակի հանդեպ: Դրա վառ ապացույցը եղավ մեր պապերի ու հայրերի սխրագործությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մյուս ժողովուրդների հետ պայքարելով դարի գորշ ժանտախտի` ֆաշիզմի դեմ, նրանք կործանումից փրկեցին համայն մարդկությանը:

Տարիներ հետո, երբ Արցախը հայտնվեց մեզ պարտադրված պատերազմի բովում, նրանց հերոսական օրինակով դաստիարակված սերունդները ապացուցեցին, որ իրենց նախնիների արժանի հետնորդներն են և նույնպես հաղթանակներ արձանագրեցին կենաց-մահու պայքարում: Դա ամենից առաջ Պաշտպանության բանակի ծնունդն էր, կանոնավոր ու մարտունակ բանակի, որն այսօր էլ հանդիսանում է մեր անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը: Դա Շուշիի ազատագրումն էր, որը դարձավ հայ ժողովրդի փառապանծ հաղթանակներից մեկը: Դա նաև մեր ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն էր, ժողովուրդ, որը կարողացավ բռունցքվել օրհասական պահին և պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը:

Այս հաղթանակները իրականություն դարձնելու ճանապարհին իրենց կյանքը զոհաբերեցին հայ ժողովրդի լավագույն զավակները: Հավերժ փառք ու պատիվ Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված խիզախ հայորդիներին: Սիրելի հայրենակիցնե՛ր, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պանծալի Եռատոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ` կյանքի տարբեր բնագավառներում», հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---