Արթուր Բաղդասարյանը եվրոպացի պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Արթուր Բաղդասարյանը եվրոպացի պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԳԴՀ Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասյան Տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորին: Գերմանացի պաշտոնյայի երկօրյա այցի նպատակը հայ-գերմանական քաղաքական խորհրդակցությունների անցկացումն է, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Տիկին Պատիցիա Ֆլորը ափսոսանք է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման կապակցությամբ և հույս հայտնել, որ այդ դադարը ժամանակավոր բնույթ է կրում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին` Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել է հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից` համարելով, որ փոխընդունելի փոխզիջումը առավել ողջամիտ է, քան անիմաստ առճակատումը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանի դիրքորոշումը մնում է բաց և պարզ, իսկ մոտեցումը` կառուցողական, այնինչ Թուրքիան որդեգրել է այլ ուղի` ի սկզբանե նախապայմաններ դնելով հարաբերությունների կարգավորման հիմքում: ԱԱԽ քարտուղարն այնուամենայնիվ հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականապես տապալված չէ, և որ Թուրքիայում կձևավորվի բարենպաստ մթնոլորտ` առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանն ամփոփ կերպով ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի հանձնառությունը և գործառույթները` նշելով, որ իր ղեկավարած կառույցը խիստ կարևոր դերակատարություն է ստանձնել, այն է` եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ և երկրի ռազմավարական զարգացման բոլոր հիմնական ուղղություններին ներդաշնակ բազմաթիվ բարեփոխումային ծրագրերի քննարկում և ընդունում, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման ընթացքի համակարգում և դրանց արդյունքների դիտարկում և մոնիտորինգ:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավականին արագ տեմպերով զարգանում են, հատկապես Արևելյան Գործընկերության շրջանակներում: Միևնույն ժամանակ նա կարևորել է հայ-գերմանական երկկողմ համագործակցության հետագա խթանման անհրաժեշտությունը` առաջարկելով ստեղծել կոնկրետ մեխանիզմներ` Գերմանիայի մասնակցությունը հայաստանյան մի շարք բարեփոխումներին առավել առարկայական դարձնելու նպատակով:

Տիկին Պատրիցիա Ֆլորն իր հերթին ասել է, որ պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու

Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործընթացին:

Կողմերը համաձայնության են եկել այս հարցերի շուրջ առավել կոնկրետ որոշումներ ընդունել այս տարի հուլիսին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական քննարկումների ժամանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---