Բակո Սահակյանը կարևորում է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովը

Բակո Սահակյանը կարևորում է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում եւ շնորհավորում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը» խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ:

Ներկայացուցչական նման միջոցառումների անցկացումը մեր հանրապետությունում դարձել է ավանդույթ, ինչը ողջունելի է եւ վկայում է Արցախի նկատմամբ տարբեր երկրների ու բարձր հեղինակություն ունեցող գիտավերլուծական կենտրոնների չմարող հետաքրքրության մասին»:

«Այն, որ գիտաժողովը կազմակերպվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման ու համակարգման պետական հանձնաժողովի եւ Արցախի մայր բուհի կողմից, ցույց է տալիս նաեւ մեր երկրի իշխանությունների եւ գիտակրթական հատվածի շահագրգռվածությունը ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող հայաստանյան ու արտասահմանյան համապատասխան կառույցների հետ կայուն կապեր հաստատելու գործում:

Ձեր կողմից քննարկվելիք թեմաներն ունեն եւ գիտական, եւ քաղաքական կարեւորություն` իրենց մեջ ներառելով արցախյան պետականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային եւ գլոբալ հարթություններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող տարբեր խնդիրներ: Հարցերի դիտարկումը այս տեսանկյունից հնարավորություն կտա ավելի խոր պատկերացում կազմել իրավիճակի մասին եւ ավելի ճշգրիտ կանխատեսել հնարավոր զարգացումները:

Վստահ եմ, որ գիտաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները, էլ ավելի կամրապնդի եւ կընդլայնի քաղաքական ու վերլուծական շրջանակների միջեւ փոխգործակցությունը»,-ասվում է Բակո Սահակյանի ուղերձում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---