Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» ֆրանսիական համալսարանում Հայաստանին նվիրված երեկո է անցել

Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» ֆրանսիական  համալսարանում Հայաստանին նվիրված երեկո է անցել

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» ֆրանսիական համալսարանում Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանին նվիրված երեկո:

Բացման խոսքով հանդես է եկել համալսարանի դասախոս Ժերար Բեջանին: Նա նշել է, որ միջոցառման նպատակն է անմիջականորեն ծանոթանալ Հայաստանի եւ հայ մշակույթի հետ: Նա բարձր է գնահատել մոտ օրերս Հայաստան մեկ շաբաթով մեկնող անհատների կազմակերպչական ջանքերը, ինչպես նաեւ ՀՀ դեսպանության հովանավորությունը: Բեջանին տեղեկացրել է, որ 40 հոգուց բաղկացած խմբի կազմում են Լիբանանում Բելգիայի հյուպատոսը, «Սենթ Ժոզեֆ» համալսարանի դասախոսները, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները:

Այնուհետեւ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, ժամանակակից Հայաստանի տնտեսական զարգացումներն ու առաջնայնությունները, ներդրումներ անելու հնարավորությունները, հայ մշակույթը եւ Հայաստանի տեսարժան վայրերը: Նա անդրադարձել է նաեւ հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին: Դեսպանի դասախոսությունը ուղեկցվել է Հայաստանը ներկայացնող լուսանկարների ցուցադրությամբ: Դեսպանի խոսքից հետո Մունա Մուքարզելն ասմունքել է Մուշեղ Իշխանի եւ Նաիրի Զարյանի Հայաստանին նվիրված բանաստեղծությունների ֆրանսերեն թարգմանությունները: Այնուհետեւ համալսարանի ուսանողները հայկական ազգային տարազով ներկաների ուշադրությանն են ներկայացրել հայկական պարեր:

Միջոցառումը շարունակվել է «Սենթ Ժոզեֆ» համալսարանի եկեղեցում, ուր տեղի է ունեցել Զաքար Քեշիշյանի ղեկավարած Համազգայինի «Այգ» երգչախմբի ելույթը՝ հայկական ժողովրդական երաժշտական գործիքների նվագախմբի մասնակցությամբ: Երգացանկում ընդգրկված էին հայկական, արաբական եւ եվրոպական երգարվեստի լավագույն գործեր: Երեկոյի շրջանակներում կազմակերպվել էր նաեւ լուսանկարների ցուցահանդես Հայաստանի տեսարժան վայրերի մասին:

Երեկոյին ներկա էին համալսարանի դասախոսներն ու ուսանողները, հայ համայնքի ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---