Հունիսի 6-ին կմեկնարկեն «Կորել և գտնվել է Հայաստանում» ֆիլմի հայաստանյան նկարահանումները

Հունիսի 6-ին կմեկնարկեն «Կորել և գտնվել է Հայաստանում» ֆիլմի հայաստանյան նկարահանումները

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Հայաստանում սկսվում են Գոռ Կիրակոսյանի «Կորել և գտնվել է Հայաստանում» ֆիլմի նկարահանումները, որոնք նախատեսված է ավարտին հասցնել հուլիսի 15-ին: Սիրային կատակերգությունը պատմում է ամերիկացի երիտասարդի մասին, որին լքել է ընկերուհին: Ընկերները տանում են նրան Թուրքիա հանգստանալու: Հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է օդապարիկով զբաղվել էքստրեմալ ժամանցով, ջրային մոտոցիկլետից պոկվում է պարանը և հերոսը վերև է թռչում: Օդում նրա պարանը փաթաթվում է ինքնաթիռին և արդյունքում, երբ պարանը պոկվում է, նա հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Հերոսը, կարծելով, որ Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, հայերն էլ նրան թշնամու տեղ են դնում:

Ռոմանտիկ կատակերգության բուն իմաստն, ըստ ռեժիսորի, այն է, որ այն մարդը, ով թշնամի է թվում, կարող է մարդու լավագույն բարեկամը դառնալ: Կիրակոսյանը շատ գաղտնիքներ չբացեց, սակայն ասաց, որ ֆիլմը հեքիաթային-կախարդական է լինելու և դիտողը կարող է նույնիսկ չհասկանալ, թե որ ժամանակաշրջանում է կատարվում գործողությունը:

Աշխատանքային գործընթացը սկսվել է հունվար ամսին, նկարահանվել են Թուրքիայի մասին պատմող հատվածները: Ֆիլմի պրոդյուսեր Վալերի Մաքքեֆրին ասաց, որ ֆիլմը որոշ չափով անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության հարցին, սակայն դա չէ ֆիլմում կարևորը: Ֆիլմի համար երաժշտությունը դեռ ընտրված չէ, սակայն կազմակերպիչները գտնում են, որ այնպիսի երաժշտություն պետք է գրվի ֆիլմի համար, որ առաջին նոտաներից իսկ հիշվի: Ֆիլմի բոլոր հերոսներն անխտիր լինելու են պրոֆեսիոնալ դերասաններ: Ֆիլմի մյուս պրոդյուսերն է Մարալ Ջերեջյանը: Նա նշեց, որ ֆիլմը կներկայացվի զանազան կինոփառատոնների:

Ֆիլմում խաղում են հոլիվուդյան դերասաններ Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Մուրիսա Հարբան, ինչպես նաև Դավիթ Թովմասյանը, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը և այլոք:

Ֆիլմը նկարահանում է ամերիկյան «Red Tie» կինոստուդիան, տևողությունը` 1 ժամ 40 րոպե է, ֆիլմն ամբողջովին ֆինանսավորում է հայկական կողմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---