Սաբինա Ֆռեյզերը գտնում է, որ առայժմ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու կարիք չկա

Սաբինա Ֆռեյզերը գտնում է, որ առայժմ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու կարիք չկա

PanARMENIAN.Net - Ժամանակը չէ փոխելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և Ֆրանսիայից համանախագահին փոխարինելու Եվրոպական միությունից ներկայացուցիչով` հաշվի առնելով, որ «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումն իրականանալի է թվում մոտ ժամանակներս: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանն է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան, Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆռեյզերը: «Այժմ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու ժամանակը չէ, քանի որ համանախագահները հավատում են, որ «հիմնարար սկզբունքների» համաձայնեցմանը քիչ է մնացել»,- նշել է նա: Ընդ որում` նա ավելացրել է, որ եթե մոտակա ամիսների ընթացքում «հիմնարար սկզբունքների» շուրջ համաձայնությունը ձեռք չբերվի, միջազգային հանրությունը ստիպված կլինի լրջորեն մտածել այն մասին, թե արդյոք բավականաչափ արդյունավետ է բանակցային ձևաչափն ու ընտրված ռազմավարությունը, և «նման համատեքստում ԵՄ-ն իրեն դրսևորելու հնարավորություն կունենա»:

Ներկա փուլում Ֆռեյզերը քիչ հավանական է համարում ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահության ձևաչափի որևէ փոփոխություն, սակայն չի բացառում, որ եթե մոտակա ամիսներին կողմերը չկարողանան համաձայնեցնել «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ փաստաթուղթը, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության հարցը կրկին կբարձրացվի: «Եվրամիության շրջանակներում իսկապես քննարկվում էր, թե արդյոք արժե ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայից համանախագահին փոխարինել ԵՄ-ից ներկայացուցիչով: Սակայն դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև մյուս երկու համանախագահների համաձայնությունը»,- նշել է նա:

Չորեքշաբթի օրը ԵՄ-ն հրապարակել է զեկույց` թարմացված Եվրոպական հարևանության քաղաքականությունը, որն առայժմ դիտարկվում է Եվրախորհրդարանում և ԵՄ մյուս մարմիններում: Զեկույցում ասվում է, որ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր ներգրավվածությունը երկարաձգված հակամարտությունների լուծման գործում, մասնավորապես` ակտիվացնել իր մասնակցությունն այն ձևաչափերին, որոնցում ինքը դեռևս ներկայացված չէ: Օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական բանակցային հարթակն է: Փորձագետները գտնում են, որ դա կարող է ենթադրել ԵՄ մասնակցությունը Մինսկի խմբին` որպես համանախագահ` հնարավոր է, փոխարինելով ֆրանսիական համանախագահին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---