Հայաստանի ազգային պատկերասրահում կնշվի նկարիչ Ռաֆայել Աթոյանի 80-ամյակը

Հայաստանի ազգային պատկերասրահում կնշվի նկարիչ Ռաֆայել Աթոյանի 80-ամյակը

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսով կնշվի Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի ծննդյան 80-ամյա և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանները: Ցուցահանդեսին ներկայացվելու են տարբեր տարիների գեղանկարչական աշխատանքներ, որոնց մի մասը ստեղծվել է Հայաստանում, մյուսը` ԱՄՆ-ում, ուր 1994 թ-ից բնակվում է նկարիչը:

Ռաֆայել Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին Լենինականում (այժմ` Գյումրի): Հաճախել է տեղի Ս. Մերկուրովի անվ. նկարչական դպրոցը, մասնագիտական կրթություն է ստացել Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստական ուսումնարանում (1943-1953, դասատուներ` Մ. Քամալյան, Ե. Աբրահամյան) և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1953-1959, դասատուներ` Մ. Սարյան, Հ. Զարդարյան, Է. Իսաբեկյան, Ա. Նալբանդյան):

Երկար տարիների բեղմնավոր գործունեության հանրագումարը նկարչի` հայրենիքում և արտասահմանում կազմակերպված անհատական ցուցահանդեսներն են (Երևան, Գյումրի, Մոսկվա, Բելգրադ, Վիեննա, Զալցբուրգ, Ավինյոն, Մանիլա, Բոստոն, Մանչեստեր, Ֆրեզնո, Լոս Անջելես և այլն):

Նկարիչն արժանացել է մի շարք մրցանակների ու պատվոգրերի. 1982 թ. արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչման, 1989 թ. պարգևատրվել է Արհմիության խորհրդի մրցանակով գրականության, արվեստի և լրագրության ոլորտում` «Իմ մանկության աշխարհը» նկարաշարի համար, իսկ 1994 թ. Ֆրեզնոյում պարգևատրվել է «Լավագույն աշխատանք» պատվոգրով: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 29-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---