Ըստ Արթուր Ջավադյանի լավատեսական կանխատեսումների, 2011-ին գնաճը Հայաստանում 5.5 տոկոսից ցածր կլինի

Ըստ Արթուր Ջավադյանի լավատեսական կանխատեսումների, 2011-ին գնաճը Հայաստանում 5.5 տոկոսից ցածր կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հավատարիմ է մնում 2011-ի ավարտին գնաճի ցուցանիշի վերաբերյալ հայտարարություններին: «Տարվա արդյունքներով գնաճը մեզ մոտ լինելու է մեր կողմից նախատեսված 5-6 տոկոսի սահմաններում»,- հունիսի 14-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա: Նման կանխատեսումներով ՀՀ ԿԲ նախագահը ելույթ է ունեցել նաև խորհրդարանական լսումներում:

Միաժամանակ, նա լավատեսությամբ հավաստիացրել է, որ տարվա արդյունքներով ցուցանիշը նպատակայինից ցածր է լինելու: «Ես չեմ ցանկանում ասել, որ մենք կունենանք գնաճ 4 տոկոսի մակարդակում, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի գնաճը լինի 5.5 տոկոսից ցածր»,- նշել է նա:

2011-ի Հայաստանի պետբյուջեի համաձայն գնաճը երկրում նախատեսված է 4±1,5 տոկոսի մակարդակում: Դրա հետ կապված` Ջավադյանը նշել է, որ ԿԲ կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև այլ պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումները «խոսում են այդ մասին»:

ՀՀ ԿԲ կողմից հրապարակված կանխատեսումների համաձայն առաջին 6 ամիսների ընթացքում գնաճը երկրում մնալու է 9 տոկոսի սահմաններում: Այն նվազել է մարտին, ապրիլին արձանագրվել է գնանկում, մայիսին եղել է զրոյական, իսկ հունիսի տվյալներն ամփոփվելու են ամսի 20-ից հետո: Այդ առումով Ջավադյանն ասել է, որ ամառային ամիսներին արձանագրվելու է զգալի գնանկում, և տարեվերջը փակվելու է կանխատեսվող սահմաններում: «Իհարկե, այստեղ առկա են ռիսկեր, որոնք կապված են բնակլիմայական պայմանների, համաշխարհային պարենային գների կտրուկ աճի հետ: Բայց այդ ամենը հաշվի է առնվել մեր կողմից, որոնց մենք կարձագանքենք մեր դրամավարկային քաղաքականության շրջանակներում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---