Թուրք ճարտարապետ. Հայերը մեծ ավանդ են ունեցել Ստամբուլի կառուցման գործում

Թուրք ճարտարապետ. Հայերը մեծ ավանդ են ունեցել Ստամբուլի կառուցման գործում

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին ՀՀ Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտում տեղի ունեցավ «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Հանդիսավոր բացմանը ներկա էին Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը, թուրք ճարտարապետ Հասան Գուրույազջըն, ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը և մի շարք այլ ճարտարապետներ: Ռաքել Դինքը իր ողջույնի խոսքում բարձր գնահատեց ցուցահանդեսի կազմակերպումը, նշելով, որ չնայած նշված ճարտարապետները այլևս կենդանի չեն, սակայն նրանց կառուցած շենքերը պահում են նրանց հիշատակը: Իր հերթին Հասան Գուրույազջըն հավելեց, որ ցուցահանդեսին ներկայացված ճարտարապետների կառուցած շենքերով չի սահմանափակվում Ստամբուլում հայ ճարտարապետների ավանդը, նրանք եղել են նաև նշված ժամանակաշրջանից առաջ և հետո: «Հայերը մեծ ավանդ են ունեցել Ստամբուլի կառուցման գործում»,-ասել է նա:

Ցուցահանդեսում ներկայացվել են 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Ստամբուլի քաղաքաշինական դիմագծի ձևավորման մեջ կարևոր դեր ունեցած հայ ճարտարապետների ստեղծագործությունները, որոնք նոր կյանք են տալիս մեր օրերում մոռացության մատնված հայ ճարտարապետներին ու նրանց գործերին:

Ցուցահանդեսն ընդգրկում է ավելի քան 40 հայ ճարտարապետների (Միհրան Ազատյան, Լևոն Կյուրեղյան, Բալյանների մի քանի սերունդ, Պողոս Մագաստար և այլոք) 100-ից ավելի գործերի լուսանկարներ: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները առիթ կունենան նյութի վերաբերյալ երկու կարճ ժապավեններ դիտել, տեղեկություններ ստանալ ճարտարապետների և նրանց կառույցների մասին:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Հայճար», «Հրանտ Դինք հիմնադրամ», «Ստամբուլը Եվրոպայի 2010-ի մշակութային մայրաքաղաք» կազմակերպությունները, ինչպես նաև ՀՀ Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը:

8  14.06.11 - Երևանում բացվել է Ստամբուլի հայ ճարտարապետների մասին պատմող ցուցահանդեսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---