Խաչատրյան տրիոն համերգներով հանդես է եկել ԼՂՀ-ում և Կապանում

PanARMENIAN.Net - Խաչատրյան տրիոյի երաժիշտները հունիսի 7-11-ը հանդես են եկել համերգներով ԼՂՀ-ում և Կապանում: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեց տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը: Խումբը հանդես է եկել Վանք գյուղի վերջերս նորոգված երաժշտական դպրոցում, ինչպես նաև Ստեփանակերտի Երիտասարդական պալատում: Մինչ այդ խմբի անդամներին ընդունել է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: Համերգային շրջագայությունը եզրափակվել է Կապանում` երաժշտական ուսումնարանի դահլիճում: Համերգներին մասնակցել է նաև ալտահար Լիլիթ Մխիթարյանը, ով «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» միջոցներով ուսումը կշարունակի Գերմանիայում:

Խաչատրյանի անվան Տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես «Arsika» տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն համերգներով հանդես է գալիս մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: Հայաստանի շրջաններ կատարվող շրջագայությունները տրիոյի գործունեության կարևորագույն մասն են կազմում: Նրանք ծրագրերն իրականացնում են «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շնորհիվ: Բացի անվճար համերգներից, նրանք անց են կացնում վարպետության դասեր աշակերտների և ուսանողների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---