Թուրքական տուրօպերատորները ծրագրում են օգոստոսին հատուկ տուրեր կազմակերպել դեպի Հայաստան

Թուրքական տուրօպերատորները ծրագրում են օգոստոսին հատուկ տուրեր կազմակերպել դեպի Հայաստան

PanARMENIAN.Net - Երկու տուրիստական ընկերություններ միավորով համատեղ թուրքական ձեռնարկությունը ծրագրում է օգոստոսին հատուկ տուրեր կազմակերպել Թուրքիայից Հայաստան: Ինչպես հայտնել է թուրքական Tower Turizm ընկերության սեփականատեր Դիգրան Ալթունը, մի քանի տարի շարունակ թուրքական զբոսաշրջիկները Հայաստան են մեկնել Վրաստանով, բայց այժմ իրադրությունը փոխվել է:

Ինչպես հայտնել է Ալթունը, այժմ իր ընկերությունը Tüten Turizm ընկերության հետ համատեղ տուրեր կկազմակերպի դեպի Հայաստան, որոնք հնարավոր են դարձել երկու երկրների միջև կանոնավոր չվերթների շնորհիվ: «Ցավոք, մեր ժողովուրդները չեն ճանաչում միմյանց, ուստի տատանվում են այդ երկրում ճանապարհորդելու հարցում»,- ասել է Ալթունը` ավելացնելով, որ առաջին ուղևորության ժամանակ զբոսաշրջիկները միշտ հարցնում են, թե արդյոք անվտանգ է ուղևորությունը, թե ոչ: Ինչպես նշել է Tüten Turizm ընկերության սեփականատեր Հարություն Դեմիրը, արդեն 15 հոգի դեպի Հայաստան ուղևորության տոմսեր է պատվիրել: «Մենք զբոսաշրջիկների մեծ քանակ չենք ակնկալում այդ տուրի համար, սակայն գտնում ենք, որ այդ տուրերի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար աճելու է»,- ասել է Դեմիրը, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:

Հիշեցնենք, որ Երևանի և Ստամբուլի միջև շաբաթական երկու անգամ ուղիղ ավիաչվերթներ են իրականացվում: Ամռան սեզոնին շաբաթական մեկ անգամ գործում են չվերթներ Երևանից միջերկրածովյան Անթալիա և Բոդրում քաղաքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---