Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա Անանիա Շիրակացուն նվիրված սեմինար

Բյուրականի աստղադիտարանում  տեղի կունենա Անանիա Շիրակացուն նվիրված  սեմինար

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումների համաձայն 2012թ. ընթացքում նշվելու է միջնադարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակը: Որպես գլխավոր միջոցառում նախատեսվում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում կազմակերպել միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:

Այդ գիտաժողովին և այլ միջոցառումներին պատշաճ կերպով նախապատրաստվելու նպատակով, 2011թ. հուլիսի 12-13-ին նույնպես Բյուրականի աստղադիտարանում Լեյդենի համալսարանի պրոֆ. Հրաչ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կկայանա Անանիա Շիրակացուն նվիրված սեմինար: Սեմինարին մասնակցելու են Բյուրականի աստղադիտարանի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մատենադարանի գիտաշխատակիցները և այլոք: Կներկայացվեն Հրաչ Մարտիրոսյանի «Անանիա Շիրակացու ժառանգությունը. բանասիրական ու բառաքննական ակնարկ», «Հայոց աստղագիտության պատմությունը լեզվական տվյալների լույսի ներքո. տիեզերքի կառուցվածքն ու աստղանունները հայոց մեջ» և «Ժամանակի բաժանումը հին հայոց մեջ. տարվա եղանակներ, ամսանուններ, օրանուններ, ժամանուններ» զեկուցումները, Արեգ Միքայելյանի «Հայաստանի պատմա-աստղագիտական հարցերի համակարգում» և մի շարք այլ զեկուցումներ: Սեմինարին հրավիրվում են նաև գիտական լրագրողները, որոնց մասնակցությունը կարևորվում է 2012թ. միջոցառումների պլանավորման և լուսաբանման տեսանկյունից: Սեմինարի վերջնական ծրագիրը կհրապարակվի հուլիսի սկզբին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---