ANCA. Ղարաբաղի հարցում ԱՄՆ դիրքորոշումը հակասում է ազատության մասին Օբամայի հայտարարություններին

ANCA. Ղարաբաղի հարցում ԱՄՆ դիրքորոշումը հակասում է ազատության մասին Օբամայի հայտարարություններին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի` Կազանում նախագահների հանդիպմանը քննարկվելիք առաջարկների հարցում ԱՄՆ քաղաքական դիրքորոշումը հակասում է ժողովրդավարության, ազատության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներին, որոնց մասին նախօրեին խոսում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ:

«Չնայած, որ մենք ողջունում ենք ԵԱՀԿ ՄԽ ջանքերը` ուղղված արդարության և կայուն խաղաղության հաստատմանը, մենք նախկինի պես մտահոգված ենք այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` իրենց անկախության համար պայքարած քաղաքացիներին ստիպում են անկախությունը փոխել անորոշ «միջանկյալ կարգավիճակի» հետ, ինչը բոլորովին չի նվազեցնում, այլ մեծացնում է Ադրբեջանի ագրեսիայի վերսկսման ռիսկը»,- ասվում է Համբարյանի հայտարարության մեջ:

ANCA-ն հայտարարում է, որ Օբամայի վարչակազմը պետք է առաջին հերթին ԼՂՀ ներկայացուցիչների անմիջական մասնակցությունը պահանջի խաղաղ բանակցություններին և առաջ գնա` հայկական կողմին չստիպելով ռիսկային զիջումների գնալ` ձեռնարկելով ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորման համար անհրաժեշտ և ժողովրդավարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված քայլեր:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգին հղված ուղերձում պատմել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ իր երկրի ծրագրերի մասին: Ուղերձում նախագահը հայտնել է, որ ԱՄՆ սատարում է ոչ թե տերություններին, այլ ազգերի ինքնորոշման իրավունքին` առանձնապես նշելով, որ ազգերն արժանի են ազատ ապրելու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---