Սիրիան և Թունիսը հետաքրքրված են հայկական արտադրության արևային մարտկոցներով

PanARMENIAN.Net - Հայկական «Ինդասթրիալ թեքնոլոջիզքո» ընկերությունը ծրագրում է կիսահաղորդիչային արևային մարտկոցներ արտահանել Սիրիա և Թունիս: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ընկերության տնօրեն Արթին Մելիքյանը: Նրա խոսքով, այդ երկրների ձեռնարկատերերի խումբը հետաքրքրվել է այդ մարտկոցների ձեռքբերմամբ, և սեպտեմբերին Երևան կայցելի, որպեսզի տեղում ծանոթանա ընկերության արտադրանքին:

Արթին Մելիքյանը նշել է, որ իրենց ընկերությունը համագործակցում է ամերիկյան և անգլիական ապրանքանիշերի հետ, և առաջարկվող ապրանքի ուսումնասիրությունից հետո` երկու տարի առաջ, հայ գիտնականներից արևային մարտկոցների արտադրության արտոնագիր ձեռք բերեց, իսկ հետագայում ծրագրում է դրանց արդյունաբերական արտադրությունը: «Սա Հայաստանում և անգամ տարածաշրջանում առաջին օրինակներից մեկն է, երբ ընկերությունը գիտական մշակում է գնում»,- նկատել է նա: Մելիքյանը հաղորդել է նաև, որ իրենց արևային մարտկոցներն արդեն կիրառվում են նաև Հայաստանում, մասնավորապես` Գեղադիր գյուղում` Գառնիի մոտ: Ընկերության տնօրենը չբացահայտեց գործարքի ֆինանսական մանրամասները` հաղորդելով միայն, որ 1 կՎտ հզորությամբ մեկ վահանակի արժեքը կազմում է մոտ 5000-6000 դոլար:

Գյուտի հեղինակ, Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ արևային էներգետիկան մեծ ներուժ և ապագա ունի Հայաստանում: Նա նշել է, որ այդ գիտական ուղղությունը Հայաստանում զարգացած է սկսած XX դարի 50-60-ական թվականներից: Ինչ վերաբերում է նրա մշակած արևային մարտկոցներին, ապա Վարդանյանը նշել է, որ դրանք երկու տեսակի են` էլեկտրական գեներատոր, որը միայն էլեկտրականություն է մշակում և հիբրիդային, որը, բացի էլեկտրականությունից, նաև ջուր է տաքացնում: Նա նշել է, որ իր մշակումը չի զիջում միջազգային նմուշներին, լավ բնութագիր ունի և տնտեսապես ձեռնտու է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---