Դավիթ Բաբայան. Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների գնալ և նրա հետ անհնար է պայմանավորվել

Դավիթ Բաբայան. Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների գնալ և նրա հետ անհնար է պայմանավորվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հունիսի 26-ի ռազմական շքերթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանից չարժե կառուցողական քայլեր ակնկալել, PanARMENIAN.Net գործակալությանն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները շքերթի ժամանակ: «Այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ, որպես կանոն, նման շքերթներն ու դրանց համար ելույթները նախօրոք են պատրաստվում: Բաբայանը նշել է, որ Ալիևը մի քանի անգամ ընդգծեց, որ «իրենց տարածքներն օկուպացված են, որ Ղարաբաղն ադրբեջանական է, որ պատմական ադրբեջանական հողերի վրա հիմնադրվել է ներկայիս Հայաստանը, իսկ հաղորդավարը շքերթի ժամանակ մի քանի անգամ հայտնեց, թե «մենք պետք է վերցնենք Ստեփանակերտն ու Շուշին»: «Իրերի այսպիսի դրության մեջ նման պետությունից որևէ կառուցողական քայլ ակնկալելու համար ոչ հիմքեր չկան»,- ընդգծել է նա:

Ընդ որում, Բաբայանի կարծիքով, դա չի նշանակում, որ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր միջոցները սպառված են, և ինքը պատերազմ կսկսի: «Եթե Բաքուն համապատասխան ներուժ ունենար, նա արդեն սկսած կլիներ պատերազմը»,- նկատել է նա: «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ նստենք և սպասենք` հուսալով, որ Ադրբեջանը երբեք չի սկսի պատերազմ: Դա մեզ համար ուղենիշ է, որ մենք պետք է շարունակենք ամրապնդել մեր բանակը: Այդ պետության հետ, ցավոք, անհնար կլինի ընդհանուր հայտարարի գալ, քանի որ նա պատրաստ չէ հաշվի առնել այնտեղ բազմաթիվ ազգային փոքրամասնությունների առկայությունը, պատրաստ չէ որևէ փոխզիջումների գնալ ազգերի ինքնորոշման հարցում»,- նշել է նա: Բաբայանը հավելել է նաև, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը պետք է առաջին հերթին մտահոգի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:

Հունիսի 26-ին Բաքվում ելույթ ունենալով Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված ռազմական շքերթից առաջ` երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի ավելացնել ռազմական հզորությունը, որպեսզի վերականգնի «իր տարածքային ամբողջականությունը»: «Ես լիովին համոզված եմ, որ մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվելու է ցանկացած ճանապարհով: Դրա համար մենք պետք է էլ ավելի ուժեղ լինենք»,- հայտնել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ալիևը նշել է, որ եթե 2003 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմում էին $160 մլն, 2010-ին՝ $2,150 մլրդ, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է $3,300 միլիարդի: Ադրբեջանի նախագահը նկատել է, որ Ադրբեջանի այսօրվա ռազմական ծախսերը 50%-ով գերազանցում են Հայաստանի պետական բյուջեն: Նա ավելացրել է, որ ռազմական ծախսերն իրենց ծավալով Ադրբեջանի բյուջեում շարունակելու են առաջին տեղը զբաղեցնել այնքան ժամանակ, մինչև Հայաստանի հետ հաշտության պայմանագիր կնքվի:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---