28 հունիսի 2011 - 12:50 AMT
Հաշմանդամ օդաչուները նախագահից են պահանջում իրենց աշխատավարձերը

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց այսօր բողոքի ցույց էին անց կացնում միանգամից երեք խմբեր՝ հաշմանդամ օդաչուները, Հյուսիսային պողոտայի տարածքից տարհանված բնակիչները և բանակում սպանված զինվորների ծնողները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, օդաչուները պահանջում են իրենց գումարների փոխհատուցում, Հյուսիսային պողոտայի բնակիչները սեփականության վերադարձ, իսկ զինվորների մայրերը` իրենց որդիների սպանության մեղավորների հայտնաբերում և պատժում: Ինչպես հայտնեց «Սեփականության իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը, արդեն մոտ 5 տարի է, ինչ 140 օդաչուներ պահանջում են իրենց աշխատավարձերն ու մասնագիտական գործունեության ընթացքում առողջությանը հասցված վնասի փոխհատուցումը: Նրանցից այսօր ողջ են 90-ը:

Հյուսիսային պողոտայի բնակիչներից սեփականության վերադարձ են պահանջում 30 ընտանիք: Ինչպես հայտնեց ՀԿ-ի նախագահը, արդեն մի քանի տարի է` ինչ իրենց քաղաքապետարանից ուղարկում են նախագահական, սակայն խնդրին լուծում այդպես էլ չի տրվում: Հավաքվածները նշում են, որ եթե հարցի լուծումը շարունակվի ձգձգվել, իրենք պատրաստ են դիմել Մարդու իրավունքներ եվրոպական դատարան և այնտեղ պաշտպանել իրենց իրավունքները: Բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների արդեն ընդունել են նախագահականում: