Դմիտրի Մեդվեդևը ղարաբաղյան հարցով իր նոր տեսլականը ուղարկել է կողմերին, հայտնել է ՀՀ նախագահը

Դմիտրի Մեդվեդևը ղարաբաղյան հարցով իր նոր տեսլականը ուղարկել է կողմերին, հայտնել է ՀՀ նախագահը

PanARMENIAN.Net - «Կազանում մենք, իրոք, կարող էինք բեկում մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիևում պատասխանելով Կազանի հանդիպման վերաբերյալ հարցին, ներկայացնելով իր տեսլականը բանակցային գործընթացի ապագայի վերաբերյալ: Նա հիշեցրեց, որ նախօրեին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել էր, որ Կազանում կարելի է հասնել հաջողության, եթե ադրբեջանական կողմը չներկայացնի նոր պահանջներ: «Պաշտոնական Բաքուն, ցավոք, Կազանում իրեն պահեց այնպես, ինչպես, նվազագույնը, վերջին մեկուկես տարվա ընթացքում: Ադրբեջանական կողմը գոյություն ունեցող փաստաթղթին մոտավորապես 10 նոր առաջարկություն ներկայացրեց: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ փաստաթուղթը մշակված է այն աստիճանի, որ ցանկացած փոփոխություն կպահանջի փոփոխություններ այլ տեղերում, այլ կետերում, ենթակետերում»,- ընդգծել է Հայաստանի ղեկավարը: Նա շեշտեց, որ այդ սցենարը կրկնվեց ամենաքիչն արդեն չորրորդ անգամ վերջին տարվա ընթացքում, վերջին 15 ամիսների ընթացքում: Ըստ նախագահի, մեկ շանս արդեն բաց է թողնվել մեր կողմից: «Դա չի նշանակում բանակցային գործընթացի ավարտ: Դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու մեր բանակցությունները: Սակայն դա նշանակում է, որ ամեն դեպքում մինչ նոր հանդիպումը եղած ժամանակահատվածը մենք կորցրինք: Ռուսաստանի նախագահը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատել են իրենց մտադրությունը` հետագայում ևս ավելացնել ջանքերն այդ հարցում: Եվ երեկ ՌԴ նախագահը հեռախոսազրույցում ինձ տեղեկացրեց, որ արդեն իր տեսլականը գրավոր տարբերակով ուղարկել է: Կարծում եմ, շուտով մենք կստանանք այն ու կտեսնենք, թե ինչպե՞ս ենք այսուհետ առաջ շարժվելու»,- նշել է Հայաստանի նախագահը:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---