Վրաստանի ԱԳՆ-ը ողջունում է երկրի 5 կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակի տրամադրումը

PanARMENIAN.Net - Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է երկրի 5 կրոնական միավորումների իրավական կարգավիճակի փոփոխությունը և դրանց հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակի տրամադրումը:

Փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր ճեպազրույցում հաստատել է, որ նման իրավաբանական կարգավիճակով կրոնական միավորումների գրանցման հարցը դիտարկվել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` վերջերս Վրաստան կատարած այցի ընթացքում:

«Վրաստանում գործող կրոնական միավորումների իրավաբանական կարգավիճակի փոփոխման հարցը բազմաթիվ բարեկամական երկրներ էին առաջադրում»,- հավելել է Կալանդաձեն, հաղորդում է Գրուզիա Օնլայնը:

Վրաստանի խորհրդարանն հուլիսի 1-ին առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն 5 կրոնական միավորումների շնորհվում է հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ: Պատգամավորները քվեարկել են համապատասխան շտկումների համար խորհրդարանի արտահերթ նիստում: Հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու են Հայ Առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հուդայական համայնքը և Վրաստանի Բապտիստական եկեղեցին:

Հասարակական իրավունքով իրավաբանական անձը կազմակերպություն է, որն անկախ պետական հսկողությունից իրականացնում է քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային կամ այլ հասարակական գործունեություն: Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցը վաղուց է գտնվում հայ-վրացական հարաբերությունների օրակարգում: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի` Վրաստան կատարած հայրապետական այցի շրջանակում վրացական կողմն առաջարկել էր Վրաց Ուղղափառ եկեղեցուն Հայաստանում նույն իրավունքները շնորհել, ինչ ՀԱԵ-ին Վրաստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---